ԱՅՐԻ ԿԻՆԸ ԵՎ ԽՈՐԹ ՈՐԴԻՆ
Մի այրի կին ուներ մի կով, և նրա խորթ որդին ուներ մի էշ։ Եվ խորթ որդին գողանում էր կովի կերը տալիս էշին: Եվ այրի կինն աստծուն աղաչեց, որ աստված էշին մեռցնի։ Բայց կովը մեռավ, և այրին լաց եղավ և ասաց.
– Ո՛վ աստված, մի՛թե չկարեցար էշը կովից տարբերել:
ԱՄԵՆԱՏԳԵՏ ՄԱՐԴԸ
Մի թագավոր կամեցավ աշտարակ շինել, և աշտարակը քանի ցերեկը շինում էին, գիշերը փուլ էր գալիս։ Եվ նա հավաքեց յուր գիտուններին և պատճառը հարցրեց։ Նրանք ասացին.
– Եթե կամենում ես, որ այլևս չփլչի, գա գտիր մի տգետ մարդ, որից ավելի տգետ մարդ չլինի և նրան կենդանի դիր պատի մեջ և պատը թող շարեն. և այլևս չի փլչի:
Եվ թագավորն ասաց.
– Այդ բանի ընտրությունը ևս դուք արեք և գտեք մի տգետ մարդ, որին կենդանի թաղեն պատի մեջ։
Եվ գիտունները նստեցին միասին որոշելու, թե ի՞նչ տեղ կարող են գտնել տգետ մարդ, և մեկն ասաց.
– Ձկնորսն է տգետ, քանի որ նրա առն ու տալը մարդու հետ չի, այլ ջրի և ձկների։
Իսկ ոմանք ասացին` իշապանը, որ իշու հետ է լինում և իր ողջ կյանքն անց է կացնում գրաստի հետ, շրջելով լեռ և անտառ: Ոմանք ծովարարին ասացին, իսկ ոմանք հովվին, որ ամառ–ձմեռ ոչխարների հետ շրջում է լեռներռւմ, չի մտնում գյուղ կամ քաղաք։ Եվ հավանություն արին և կամեցան հովվին բերել։
Այն ժամանակ գիտուններից մեկն ասաց.
– Մեր թագավորը մի հովիվ ունի, որ ծնվել է սարում ոչխարների մեջ և սնվել է այնտեղ և յուր կյանքում ոչ գյուղ է մտել, ոչ քաղաք։
Եվ ուղարկեցին տասը ձիավոր, որպեսզի մարդուն բերեն։ Եվ ձիավորները գնացին գտան հովվին, որ կթում էր ոչխարը և ողջունելով ասացին.
Թագավորը քեզ կանչում է։
Հովիվն ասաց.
– Ես իմ կյանքում ո՛չ քաղաք եմ գնացել, ո՛չ էլ գյուղ. ինձ ինչո՞ւ է կանչում։
Նրանք խորամանկությամբ ասացին.
– Չենք իմանում։
Իսկ հովիվը պատվեց նրանց, գառ մորթեց և պանիր բերեց և ուրախացրեց նրանց և երդմամբ հարցրեց կանչելու պատճառը։ Եվ նրանք ասացին, թե այս պատճառով է քեզ կանչում, որովհետև թագավորի գիտունները ասել են, օր մի տգետ մարդու պետք է դնել պատի մեջ, որպեսզի պատը շեն մնա:
Այն ժամանակ հովիվը ծիծաղեց և ասաց.
– Հիմարը և տգետն այն գիտուններն են, որ այդպիսի ընտրություն են արել։
Եվ մի ոչխար բերելով ասաց.
– Ես ձեզ ցույց կտամ իմ տգիտությանը։
Եվ ասաց.
– Այս ոչխարը երկու գառ ունի փորում, մեկը էգ է, և մյուսը՝ որձ, մեկի գլուխը սև է և մյուսինը՝ սպիտակ։
Եվ ոչխարը մորթեց և դառները փորից հանեց և այնպես էր, ինչպես ասաց։ Եվ մի այլ ոչխար բերելով ասաց.
– Այս ոչխարը մեկ գառ ունի փորում. մարմինը սև է, գլուխն՝ սպիտակ և ինքը՝ որձ։
Եվ մորթեցին տեսան այնպես։ Եվ հովիվն ասաց.
– Ոչխարի այս երկու հոտը, որ կա ձեր առաջ, ամենին գիտեմ, թե որն է ծնելու և որն է ստերջ և որն է որձ ծնելու և որը՝ էգ և որը՝ սև կամ սպիտակ և որը՝ սև ու սպիտակ պուտերով։ Ձեր գիտունները կարո՞ղ են այդ իմանալ։
Ձիավորներն ասացին.
– Ոչ ամենևին։
Հովիվն ասաց.
– Ուրեմն իմացեք, որ ես չեմ այն հիմարն ու տգետը, որին դուք փնտրում եք։ Իսկ եթե կամենաք, ես ցույց կտամ տգետ մարդուն։ Թագավորը թող յուր նայիպին բռնի