Եվ բոլորն եկան, չեկավ միայն ցորենը, ասելով.
– Թո՛ղ նախ ինքը գա ինձ երկրպագելու։
Առակս ցույց է տալիս, որ բոլոր նյութերը միաժամանակ մեծարանքի չեն արժանանում։ Սովի վտանգի պատճառով բոլորը խոնարհվում են ցորենի առջև։
ՄԱՐԴԸ ԵՎ ԳԱԼԻԱՆՈՍԸ
Մի անգամ Գալիանոսը բանախոսություն էր կարդում մարմնի առողջության մասին, ասելով.
– Եթե մարդ զգույշ լինի ուտելու և խմելու մեջ, մեր բժշկության կարիքը չի զգա։
Այս լսելով, մի մարդ ո՛չ ուտում է և ո՛չ խմում։ Դրանից նա ծանր հիվանդանում է և թշնամանում Գալիանոսին: Իմանալով այդ, Գալիանոսն ասաց.
– Ո՜վ անմիտ մա՛րդ, չգիտե՞ս դու, որ մենք բնության արարիչը չենք, այլ օգնականը։ Ինչո՞ւ չհասկացար խոսքիս իմաստը, որ ճիշտ վարվեիր։
Այս օրինակից սովորում ենք, որ ուշագրությամբ պետք է լսել իմաստունների ու բժիշկների խոսքը և խուսափել ծայրահեղություններից՝ և՛ առավելից, և՛ նվազից, որովհետև երկու դեպքում էլ չարիք կա։
ՔԱՀԱՆԱՆ ԵՎ ԱՎԱԶԱԿԸ
Ավազակը, բռնելով մի քահանայի, ուզում էր սպանել։ Քահանայի վրա հզորության ոգի իջավ, նա հաղթեց ավազակին ու սկսեց ինչպես հարկն է տանջել նրան։
Ավազակը աղաչում էր ու ասում.
– Չէ որ քահանա ես, միշտ ասում ես՝ «խաղաղություն ընդ ամենեսյան» և սրա նման այլ բաներ։
– Ո՜վ չարագործ, – պատասխանում է քահանան, – հենց խաղաղությունը անվտանգ պահելու նպատակով եմ տանջում քեզ՝ խաղաղությունը չսիրողիդ:
Առակս հայտնի է դարձնում, որ միշտ խռովասիրության պատճառով չի հարկ լինում կռվել, այլ նաև՝ խաղաղությունը անվտանգ պահելու։
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII ԴԴ.)
ԳԱՐՈՒ ՀԱՇԻՎԸ
Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն։ Եվ քուռակը մոր հետ գնում էր և ետ դառնում։ Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար, կապած, որին գիրացնում էին: Եվ գարին անպակաս էր նրանից, որպեսզի ուտի և գիրանա։
Եվ քուռակն ասաց մորը.
– Ւնչո՞ւ այն խոզն առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ, և մեզ, որ չարչարվում ենք,՝ օրը մի անգամ են գարի տալիս։
Մայրն ասաց.
– Լսի՛ր, որդյակ, մի շաբաթ ևս համբերիր, և ապա ես քեզ պատասխան կտամ, և քո աչքով կտեսնես։
Եվ մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս, քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետև խոզը մորթում էին։ Եվ խրտնեց քուռակը և ետ փախավ դեպի մայրը, և մայրն ասաց.
– Ի՞նչ եղավ քեզ, որդյա՛կ, որ սոսկում ես, մի վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են պահանջում:
Եվ դարձյալ եկան կալը` գարի կրելու։ Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց.
– Ո՜վ մայր, տես թե ոտքիս չի՞ փակչել գարու մի հատ, որ ինձնից էլ հաշիվ չուզեն, ինչպես խոզից։
ԱՅՐԻ ԿԻՆԸ ԵՎ ՈՐԴԻՆ
Մի այրի կին ուներ տասը այծ և մի որդի։ Եվ ամեն օր որդին այծերը տանում էր արոտ, և մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ և փոխ էր տալիս հարևաններին:
Եվ որդին մորն ասաց.
– Ինչո՞ւ ես այդպես ջուր լցնում կաթի մեջ և փոխ տալիս հարևաններին։
Մայրն ասաց.
– Որդի, մեր կաթը քիչ է, դրա համար եմ անում, որ մեր կաթը մի քիչ