Ի՞նչ էր մնում, ուրեմն։ Զտենք ծրագիրն ավելորդություններից։ Ամենամեծ ավելորդությունը սոցիալիզմի անունից խոսելն էր։ Հնչակյան կուսակցության մկրտարանը, եթե ունեցել է կնքահայրություն, ապա նրա ներկայացուցիչը Մարքսը չի եղել, այլ ռուսաց նարոդնիկությունը62, հանձին Բակունինի, Տկաչյովի եւ ուրիշների։ Իբրեւ ռուսահայեր` կրթված ռուսական դպրոցներում, «Հնչակի» հիմնադիրները Ժնեւում գտնվում էին ռուս էմիգրանտների այն թեւի ազդեցության տակ, որի հեղափոխական աշխարհայացքի դեմ պայքարում էր Պլեխանովը։ «Հնչակը» իր ուսուցիչ անվանում էր Րաֆֆուն։ Եվ այս ճիշտ էր շատ մեծ չափերով։ Րաֆֆու «Կայծերի» մեջ էր կուսակցությունը գտնում իր հայդուկային ռազմագիտությունը։ «Կայծերի» հերոսների անունները դառնում էին հնչակյան հեղափոխական գործիչների կեղծանուններ։ Եվ երբ սա այսպես է, նշանակում է, թե Մարքսը չէր կարող լինել հնչակության ուսուցիչը։ Նա հանդես էր գալիս ծրագրի մեջ Րաֆֆուն զարդարելու համար։ Եվ այս զարդարանքից հնչակյանները երբեք չհրաժարվեցին, մինչեւ վերջ իրենց անվանում էին սոցիալ-դեմոկրատ։
Նորակազմ կուսակցությունը, գործելով Ժնեւից, ավելի աչքի ընկնող հաջողություն գտնում էր թուրքահայերի մեջ, մասնավորապես Կ.Պոլսում։ Այստեղ նրան հոգում էին արմենականները, պայմանով, որ գործունեության մեջ խոսք անգամ չլինի սոցիալիզմի մասին։ Ժնեւի կենտրոնը համաձայնություն տվեց, որից հետո սկսվեց մի շատ ուժեղ գործունեություն։ Տրապիզոնում հաստատվեց կենտրոնական կոմիտե, որ հարաբերություններ սկսեց երկրի ներսերի եւ մասնավորապես մերձավորագույն տեղի՝ Էրզրումի հետ։ Առհասարակ հնչակյանությունը գործողությունների վայր էր ընտրում Փոքր Ասիայի կողմերը։ Արեւմտյան Հայաստանում երեւան էր եկել մի տեղական ինքնաբույս կազմակերպություն` «Գաղտնի ընկերություն» անունով, որի գլխավոր ղեկավարներն էին մշեցի Հակոբ սարկավագը եւ ալաշկերտցի Հարություն-աղան63։ Առաջինը, որ հայտնի էր ավելի «Սարկավագ» անունով, ուներ իր փոքրիկ հայդուկային խումբը, որ արդեն անուն էր ստեղծել քրդերի հետ իր ունեցած ընդհարումներով։
Այս սարկավագի խմբին միանալու համար էր, որ 1889թ. մայիսին Պարսկաստանի Սալմաստ գավառից դեպի Վան ուղեւորվեցին ժամանակի ռոմանտիկ տրամադրությամբ լցված երեք երիտասարդներ, որոնցից երկուսը վանեցի էին` [Հովհաննես] Ագրիպասյան [(արմենակյան)] եւ Գուլաքսզյան, իսկ երրորդը` թիֆլիսեցի` Վարդան Գոլոշյան64։ Մանավանդ վերջինը տարված էր րաֆֆիական գաղափարներով եւ միամիտ անձնազոհության մի սրտառուչ պատկեր էր ներկայացնում։ Երեքն էլ զինված էին, տանում էին իրենց հետ իրենց ստացած նամակները, նույնիսկ ճանապարհին օրագրական հիշատակարան էին գրում` նրա մեջ պատմելով իրենց հայրենասիրական զգացմունքները եւ թե ինչի համար են գնում։ Չուհ-Գյադուկ մեծ լեռնանցքի մի կիրճում երեք միամիտները հանդիպում են մի խումբ թուրք զապթիաների, կռվի են բռնվում նրանց հետ։ Գուլաքսզյանը փախչում ազատվում է, իսկ մյուս