Չնայելով, որ տեր Թոդիկը 700 ընտանիքից բաղկացած մի ամբողջ թաղի ավագ քահանան էր, չնայելով, որ բացի դրանից, նա վիճակավոր առաջնորդի գործակալի պաշտոն էր կատարում, և այդ բոլորից առատ արդյունք էր ստանում (էլ չեմ խոսում դպրոցի մասին) – այնուամենայնիվ, նրա ապրուստը, նրա կեցությունը խիստ չքավոր էր: Մի քանի մթին սենյակներ, ծեփած սպիտակ կավով, նեղ բակ ցածրիկ շրջապարիսպով, – այդ բոլորը կացուցանում էին նրա անշուք բնակարանը, ուր տիրում էր մշտական փոշի, աղտ, խորին տխրության հետ: Դրացիները տեր հոր այսպիսի չքավոր կեցությունը վերաբերում էին նրա անփառասիրությանը և նրա աշխարհի վայելչություններին չցանկացող բնավորությանը: Դա մասամբ իրավացի կլիներ, եթե ագահներն էլ այնպիսի հատկություններ չունենային: Ժլատները նույնպես անապատի մեջ են ապրում, որպես տեր Թոդիկը իր մերկ ճգնարանում: Դերվիշությունը առհասարակ գրավիչ է լինում և հրապուրում է ռամկի սնահավատությունը, թեև դերվիշի քրքրված վերարկուի տակ շատ անգամ ծածկվում է մի շահասեր և հարստահարիչ ոգի…
Վերջին տարիներում, մայրս չկարողանալով վարժապետի ամսականը վճարել, ինձ բոլորովին ծանրաբեռնեցին տնային գործերով, այնպես որ ժամանակ չէի գտնում դասերս պատրաստելու: Ամբողջ ցերեկը հոգիս դուրս էր գալիս կամ երեցկնոջ, կամ տեր հոր պատվերները կատարելով: Մնում էր պարապվել միայն գիշերով, իսկ այդ ևս շատ անգամ չէր հաջողվում, որովհետև ճրագ և լույս չունենալու համար միշտ ստիպված էինք քնել շատ վաղ: Քեռուս տան հետ ավելի հարաբերություններ չունեինք. մայրս իր եղբայրներից ոչինչ օժանդակություն չէր ստանում, և եթե հնար լիներ, նա կթողներ այն խեղդված խրճիթը, որ քեռիներս շնորհել էին մեզ բնակության համար: Մեր հույսը մնացել էր մեր բարերարի` որսորդ Ավոյի վրա: Սա էլ դպրոցի վերաբերությամբ ինձ չէր օգնում, և մինչև անգամ խիստ անախորժ էր թվում նրան, որ ես այնտեղ ուսում էի առնում: Ես դեռ չեմ մոռացել այն խոսքը, որ մի օր հայրական բարեսրտությամբ որսորդը ասաց ինձ.
– Ֆարհատ, դուրս եկ այդ դժոխքից, դու բոլորովին կբթանաս այնտեղ:
– Դուրս