Այդպիսի մի օր, հարցրի նրան ուղղակի թե` ի՞նչ է պատճառը, որ իր նման մի սիրուն, դեռ կյանքով ու կրակով լի երիտասարդուհին, որ կարող էր թե իրեն և թե իր նման մի ուրիշ երիտասարդի բախտ ու երջանկություն բերել, փակվել է հիվանդանոցի տխուր պատերում և նվիրել իրեն այնպիսի մի պաշտոնի, որպիսին գթության քրոջ պաշտոնն է:
– Ի՞նչ է, միթե ես դրանով, փոքր ծառայություն եմ անում մարդկանց, – նկատեց նա ժպտալով:
– Ոչ թե փոքր, այլ ընդհակառակը, մեծ ծառւայություն եք անում. բայց բանն այն է, որ դուք այդ ծառայությունն ուրիշներին անելով, ինքներդ զրկվում եք շատ բարիքներից: Դա մի առաքինություն է, որ շատ քչերին կարող է սիրելի լինել: Հենց այդ պատճառով էլ ես հետաքրքրվում եմ իմանալ թե` ինչ շարժառիթներ են սիրելի դարձրել ձեզ այդ առաքինությունը:
Գթության քույրը, որ գեղեցիկ լինելու չափ, նաև, պարզասիրտ էր, ուղղակի պատասխանեց.
– Չեմ հիշում թե առաջ մտածած լինիմ մարդկանց որևէ բարիք անելու, թեպետ չարության ի՞նչ լինելն էլ չեմ իմացել: Դեռ տղա հասակից` ես ավելի եսասեր` քան ընկերասեր էի: Այդ առթիվ հաճախ դիտողություն էին անում ինձ շրջապատողներս. բայց իմ հոգը չէր, ես սիրում էի միայն նրանց, որոնք գգվում էին ինձ, առանց իմ թերության ուշադիր լինելու: Բայց ահա՛ պատահեց մեկը (այդ ժամանակ ես դեռ 15 տարեկան էի), որ ծանոթացավ ինձ` հենց իմ եսասիրությունը ծաղրելու շնորհիվ և, սակայն, ես սիրեցի նրան: Դա գեղակազմ մի կադետ է, սիրուն դեմքով, հրապուրիչ աչքերով և վայելուչ շարժվածքով: Հաճախակի տեսակցությունները օգնեցին մեզ` ավելի մոտից իրար ճանաչելու: Այդ ծանոթությունը ծնեցրեց մեր մեջ մի քնքուշ մտերմություն, որն ապա շուտով փոխվեցավ բուռն սիրո: Դժբախտարար կադետը, որ ավարտել էր կորպուսը, պիտի գնար Պետերբուրգ, զինվորական բարձրագույն դպրոց մտնելու: Մենք ստիպված էինք բաժանվել: Այդ անջատումը թեպետ ծանր էր, բայց նա մեր սերը չսառեցրեց, ընդհակառակը, ավելի ևս բորբոքեց: Հինգ երկար տարիների ընթացքում մենք տեսնվում էինք իրար հետ միայն արձակուրդի ամիսներում, երբ երիտասարդը վերադառնում էր հայրենիք: Այդ ամիսները մենք անցնում էինք ամառանոցում` մեր ծնողների հետ, որոնք մեր սիրո վրա նայում էին իբրե մեր ապագա միության գրավականի վրա: Հարկ չկա ասել, որ այդ ամիսները բերում էին մեզ անհուն երջանկություն: Իսկ երբ երիտասարդը հեռանում էր, մենք մեր սիրո զեղումը հանձնում էինք նամակներին, որոնց թիվը մեծ էր լինում և որոնցից յուրաքանչյուրը հաճախ բաղկացած էր մի քանի թերթերից… Ի՞նչ էինք գրում մենք իրար, որտեղից էինք գտնում խոսելու այդքան նյութ, չեմ հիշում, միայն գիտեմ որ այդ նամակները մեզանից խլում էին անթիվ ժամեր և ավելի ևս օգնում մեր սերը բորբոքելուն:
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «ЛитРес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.
Безопасно