Պատմվածքներ. Մուրացան. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Մուրացան
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Современная зарубежная литература
Год издания: 0
isbn: 9781772467932
Скачать книгу
իրանք շատ անգամ մատնացույց են արել և ահա հենց այս մեկ հանգամանքը օգնում էր քարոզչին յուր ունկնդիրներին հեշտությամբ մոլորեցնելու, որովհետև նոքա այնպես էին մտածում: «Մեր հոգևորականաց պակասությանց համար խոսածներում մենք ստություն չենք նշմարում, այդ պակասությունները կան, և մենք տեսնում ենք: Ուրեմն մեր եկեղեցվո և կրոնի պակասության մասին խոսածներն էլ անպատճառ ճշմարիտ կլինին, որովհետև այդ պակասությունները մենք մեր տգիտությամբ հասկանալ չենք կարող»: Բայց խեղճ մարզիկը չգիտեին, որ այդ անխիղճ մարդորսները հոգևորականաց այդ մեզ անծանոթ պակասությունները անդադար առաջ են բերում միմիայն նորա համար, որ մեր եկեղեցին էլ պակասավոր ցույց տալ կարողանան: Ապա թե ոչ նոցա համար ի՞նչ նշանակություն ունեին մեր հոգևորականաց պակասությունները, որոնք ամեն ազգերի հոգևորականաց մեջ գտնվում են և այն դեռ շատ մեծ չափերով: Ինչևէ, քարոզչի ճառախոսությունները բոլորը քաղցր ուշադրությամբ լսում էին, իսկ ոսկերիչ Գրիգորը գրեթե զմայլված էր…

      Ընթրիքը վերջանալուց հետո քարոզիչը դարձյալ խոսաց մի քանի բան, բայց այս անգամ նա կամենում էր ծանոթանալ ներկա գտնվող նոր հյուրերի կարծյաց հետ: Վերջիններս, որոնք իսկապես սեփական կարծիք ասած բանից զուրկ էին, հայտարարեցին, որ բոլորովին համաձայն են քարոզչի հայտնած մտքերի հետ: Իսկ ոսկերիչ Գրիգորը, որ արդեն կատարելապես խմորված էր, մինչև անգամ ցանկություն հայտնեց նրանց «եղբայրության» մեջ մտնելու: Քարոզչի ուրախությանը չափ չկար: Բայց որպեսզի յուր արժանավորությունը կշռի մեջ պահեր, նա իսկույն չընդունեց ոսկերիչի առաջարկությունը, այլ խոստում առավ նրանից, որ նա կանոնավորապես կհաճախե յուր քարոզություններին շարունակ մի ամիս, և այնուհետև կարժանանա այդ կոչմանը: Ոսկերիչը հավատարիմ մնաց յուր խոստմանը: Նա շարունակ այցելում էր «եղբայրների» ժողովարանը և գրեթե միշտ ներկա էր գտնվում քարոզչի այն «հոգեշահ» ատենաբանություններին, որոնք տեղի էին ունենում երեկոները Կարոյի տանը: Մարիամի բոլոր ջանքերը յուր ամուսնուն այդ մարդորս քարոզչի ճանկերից ազատելու համար ապարդյուն անցան: Ո՛չ նրա աղաչանքները, ոչ թափած արտասուքները չկարողացան դարձնել յուր ամուսնուն այն ճանապարհից, որի մեջ դիպվածով սահել էր նրա ոտքը:

      Կնոջ ամենօրյա թախանձանքներից ազատվելու համար ոսկերիչը առժամանակ հնարեց ծածկել նրանից յուր այցելությունները «եղբայրների» ժողովարանը: Այս պատճառով նա յուրաքանչյուր անգամ տանից ուշանալու համար մի նոր պատճառ էր հնարում: Մարիամը շատ հոժարությամբ հավատում էր յուր ամուսնուն և եթե գիտենար իսկ, թե նա իրեն խաբում է, դարձյալ ավելի կկամենար խաբվիլ, քան յուր ամուսնուց լսել մի վճռական խոսք, թե նա ընդդեմ յուր ցանկության ընդունում է լութերականություն կամ հենց համակրում է նրան… Սակայն ամիսը լրացավ թե չէ մեր ոսկերիչ Գրիգորը ստացավ կատարյալ բողոքականի կոչումը, նա դարձավ «եղբայրների» մի հավատարիմ անդամ և մտավ այն ընկերության հովանավորության ներքո, որի համար քարոզիչ Ավետիքը պատմում էր, թե՝ երկնքի արքայության միակ բանալիքը յուր ձեռքումն ունի…

      Մի ամբողջ տարուց հետո ոսկերիչ Գրիգորի ընտանիքը այլևս յուր երջանիկ դրության մեջ չէր: Այստեղ ամեն բան այնպես փոխվել ու տակնուվար էր եղել, որ կկարծեիր, թե մի կործանող ոգի ծանրացել է այդ տան վերա: Կարծյաց և համոզմանց