– Ո՛չ, նա տարեն չորս անգամ է միայն այցելում այս քաղաքին և յուրաքանչյուր անգամ մի մի ամիս այստեղ մնալուց հետո հեռանում է, – պատասխանեց քույրս:
– Իսկ նա շա՞տ ժողովուրդ ունի այստեղ, – կրկին հարցրի ես:
– Ոչ, ընդամենը երեք տուն սակավաթիվ անձինքներից բաղկացած, որոնք Թիֆլիսից են գաղթած այստեղ իրենց առևտրական գործերով, – պատասխանեց նա:
«Երեք տուն ժողովուրդ, մի հեռավոր անկյունում, – մտածեցի ինքս ինձ, – և նրա համար տարվա մեջ չորս անգամ այցելություն: Ահա թե ո՞րտեղ պետք է որոնել կաթոլիկության ուժը: Երեք տուն բնակիչ, որոնք կարող էին շատանալ ամբողջ տարվա մեջ քահանայի մի շաբաթվա այցելությամբ միայն: Բայց նրանց ձեռքից չեն թողնում, նրանց այցելում են տարին չորս անգամ և այն չորս երկար ամիսներ: Կաթոլիկ եկեղեցին հսկում է յուր ժողովրդի վերա և գիտե, թե ինչու՞ համար է հսկում: Իսկ մեզ մոտ շատ անգամ ամբողջ գյուղեր և ավաններ տարիներով առանց քահանայի են մնում: Շատ գաղթականությանց մեջ մեռելները թաղվում են առանց վերջին անգամ հոգեկան մխիթարություն ստանալու, ծնվածները տարիներով մնում են առանց մկրտության, պսակվողները թափառում են մի գյուղից մյուսը, մի քաղաքից երկրորդը: Ո՞վ է հարցնում, թե երեկ որքա՞ն ժողովուրդ կար այստեղ և այսօր որքան է մնացել, ո՞վ գիտե, թե ո՞ր անկյունում հարյուրավոր մարդիկ աղքատության երեսից փախչելով ուռկանավորների ցանցերումն են անհայտանում: Ո՞վ է հաշվում, թե քանի քանի գերդաստաններ Պարսկաստանի և Թուրքիայի անծանոթ խորշերում բռնության երեսից սարսափահար՝ իրենց լեզուն և կրոնը մոռանում են:
Եվ դեռ զարմանում ենք, որ այս աստիճան անխնամ թողնված մի ժողովրդի մեջ հավատորսը յուր ժողովարանն է հիմնում: Հռովմը՝ յուր քավարանը…»:
Այս տխուր մտածմունքները ինձ այնպես էին զբաղեցրել, որ ես չէի տեսել Մարգարիտայի կրկին մեզ մոտ գալը: Օր. Մարանջյանի ձայնը միայն ինձ սթափեցրեց, երբ նա ուրախ – ուրախ բացականչեց դեպի նրան.
– Հը՞, ի՞նչ արիր, տեղավորեցի՞ր պատեր – Սիմոնին:
– Այո, ես նրան հանձնեցի իմ հոր խնամակալության, – ժպտալով պատասխանեց Մարգարիտան և ապա մոտենալով ինձ հարցրեց, – դուք արդեն ամեն բան գիտեք, այնպես չէ՞:
– Ի՞նչ բան, – զարմացմամբ հարցրի ես, – չգիտեմ ի՞նչ բանի մասին է ձեր խոսքը:
– Այն, որ պատեր – Սիմոնը մեր քահանան է, – պատասխանեց օրիորդը շառագունելով:
Նրա վրդովմունքի պատճառը ես չկարողացա հասկանալ, եւ այդ միջոցին հարմարություն չունենալով նրա հետ ավելի երկար խոսելու, կամ նրա սրտի մեջ թափանցելու, ցանկացա առանց մի առանձին նշանակություն տալու նրա ասածներին, վերջավորել մեր խոսակցությունը: Այդպես էլ եղավ: Մի քանի աննշան խոսակցություններից և կատակներից հետո մենք հրավիրվեցանք ճաշի:
Աղջկերանց ընկերությունը այս անգամ ուսումնասիրելու համար ինձ ոչինչ նյութ չտվավ:
Զ
ՊԱՏԵՐ – ՍԻՄՈՆԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ
Փորձված մարդիկներից շատերը մեծ նշանակություն են տալիս նախազգացմանը, խորհրդավոր բաներ պատմելով նրա մասին: Ճշմարտությո՞ւն են դրանք, թե՞ նախապաշարման արգասիք, չգիտեմ, միայն ես առհասարակ շատ չեմ հավատացել նրան և՝ այդ օրը նախազգացման նշանակությունը հերքող մի փորձ տեսի ինձ վերա: Ինչպես գիտեք ես պարտեզի մեջ առաջին անգամ պատեր – Սիմոնին նշմարելով, նախազգամամբ մի ատելություն և հակակրություն