Մթնաձոր. Ակսել Բակունց. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Ակսել Բակունց
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Поэзия
Год издания: 0
isbn: 9781772468212
Скачать книгу
դու նրանց թա՞յ մարդ ես: Հերդ մի տավարած, իսկ Իսանանց ողորմած հոգի Զաքի ապերը պատվով, կայքով մարդ էր: Գեղը որ մի մեծավոր գար, նրանց տանը վեր կգար: Զաքի ապերը մովրովի ժամանակ մեդալ էր ստացել: Դե տղերքն էլ խելոք են եղել, հոր թողած մեկը երկու են արել:

      Տարին բոլոր Բադի ապերը պահում էր Իսանանց ինը կովը, դրա համար ստանում մի սոմար ցորեն, երեք գրվանքա շաքար, որ իրենց չէր հերիքում, և մի քիչ էլ փող:

      Հաբուդը չէր սիրում, որ հայրն ամեն ամիս տնետուն պտտում էր, տավարածի բաժին հավաքում կամ թե կալին, մի պարկ ուսին, ման էր գալիս կալերում և իր բաժին ցորենն առնում: Պատվին էր դիպչում, երբ հոր տեղակ ինքն էր ընկնում դռնեդուռ, հաց կամ դրամ հավաքում:

      Ամեն անգամ Իսանանց խանութը մտնելիս` միջնակ ախպերը մի տեսակ ծաղրով ասում էր Հաբուդին.

      – Ամիսը ե՞րբ թամամեց, որ եկար, – կամ թե`

      – Քանի՞ շաբաթ ա քո ամիսը…

      Երբեք Հաբուդը չէր կարողանում հաշիվը կանոնավոր ստանալ: Կամ ասում էին, թե ստանալիք չկա, կամ էլ, շատ որ համառում էր Հաբուդը, Իսանանց ախպերը բարկանում էր նրա վրա և ասում.

      – Դու ինչացո՞ւ ես, հերդ կգա, նրա հետ հաշիվ կանենք:

      Հաբուդը գիտեր, որ հայրը խոնարհ մարդ է, լեզուն կարճ: Ինչ որ ասեին, համաձայն էր, մենակ թե համփա մարդկանց խաթրին չկպչեր:

      – Ունևոր են, մենք էլ նրանց շվաքում կապրենք:

      Այսպես էր ասում Վանդունց Բադին, ստացած կոպեկները տալիս Հաթամի աղջկան, որ պահի: Մի օր պետք կգար, Հաբուդի հարսանիք կար, ապագայում տուն տեղ ունենալ կար:

      – Հասնում ա հա՜, զատ չի մնացել, – ասում էր երբեմն Բադին իր կնոջն, ու երկուսով կարոտով նայում էին Հաբուդին:

      – Թե սաղ մնամ, եկող աշունք հարսանիք եմ անելու:

      Հաթամի աղջիկն ասում էր, որ գյուղում սազ աղջիկ չկա, որ պիտի հարևան գյուղից աղջիկ ուզի, տրտնջում էր, թե բան ու գործից ազատ չի լինում, որ մի գնա, տեսնի` ում աղջիկն է հարմար:

      – Դու որ կարենաս, էս աշունք, քոչը սարովն անցնելիս, մի քիչ բուրդ առ, մանեմ, համ էլ քոլքից մի ձեռք տեղաշոր կապեմ:

      Երկու պառավ խելք-խելքի մտածում էին գալիքի մասին, երբ տանն աղմուկ կլինի, եկող-գնացող, խարխուլ խրճիթը կլսի մանկան ուրախ ճիչ:

      Երբեմն էլ զրուցում էին, թե ինչ արհեստի դնեն Հաբուղին: Մայրն ուզում էր, որ նա գյուղական գրագիր դառնա կամ ծառայի պրիստավի մոտ, իսկ Բադին արհեստի էր կողմնակից:

      – Հարամ հացը թող իմ սուփրիս չլինի, – ասում էր նա: Վանդունց Բադին գիտեր, որ պիսիրը կաշառք է ուտում, գյուղում նրանից շատ են դժգոհ, չէր ուզում, որ իր մահից հետո իրեն անիծեն:

      Հաբուդն էլ համաձայն էր հոր հետ, նա էլ չէր սիրում պիսիր Ավանին, որ որսկան շան պես հոտոտում էր, թե որտեղից կարող է պլոկել, երկու խոսք գրելու համար մի հավ առնել:

      Պիսիր Ավանը Իսանանց հետ շատ մոտ էր, գնալ-գալ էր անում միշտ և շատ անգամ էլ հենց նրանց խանութում էր գործերը դրստում:

      Բայց Հաբուդը թաքուն մի ուրիշ միտք էր անում. գնալ Բաքու, արհեստ սովորել: Շատ անգամ էր հանգ անում հորից խնդրելու, բայց բերանը չէր զորում մի բան ասելու:

      Նա ուզում էր աշխարհ տեսնել, ինչպես ասում էր նրա ընկերը, որ Բաքվում էր աշխատել և հիվանդ լինելու համար տուն եկել: Նրանք երկուսով նստում էին ժամերով տան կտուրին, ընկերը պատմում էր, թե ինչքան ուժով է մաշինը, թե մի բան կա, որ դարձնես, ճրագը կվառես առանց կրակի, թե ինչպես են նավթ հանում հորից և էլ հազար ու մի բան:

      Հաբուդը լսում էր ուշադիր, զգում մի անզուսպ ցանկություն՝