Բայց Միր-Մուրթուզան այս բոլորից չբավականանալով, ամեն մի առիթը պատահած ժամանակ, առանձնակի, թե հասարակության առաջ, միշտ կրկնում էր.
– Ապերախտ մի լինիր Ղասըմ, գիտես, որ եթե ես չլինեի, այդ դադող ձեռքդ կտրած էին, որի ցավից եթե չմեռնեիր, պատերի տակ նստկան մուրացկան պիտ դառնայիր:
– Անչափ շնորհապարտ եմ, – միշտ կրկնում էր վշտացած սրտով Ղասըմը, – քու հովանին միայն ինձ փրկեց, քու ողորմությամբ եմ միայն ապրում, ընտանիքս կերակրում: Մինչ ի մահ քու երախտիքը ես չեմ կարող մոռանալ, դու միայն քեզ ու տոհմիդ հատուկ աղայությունով ինձ փրկեցիր, ինձ ազատեցիր սոսկալի վիճակից:
Բայց Միր-Մուրթուզան, իր հին սովորության համաձայն, երբեմն այնպիսի պարտավորություններ էր դնում Ղասըմի վզին, որ վերջինս, եթե գրաստ անգամ լիներ, դարձյալ կմտածեր, որ վաճառականը չարաչար հարստահարում էր իր երախտագիտությունը: Բայց որովհետև միտքը դրել էր թևը կտրելուց ազատողին պարտավոր չմնալու, նրա անվերջ մուննաթներին վերջ տալու և բարիքը փոխարինելու համար կատարել նրա պահանջները, մինչև նրա ինքնաբերաբար բավականություն ստանալը, ուստի գլուխը կախ գցած իրեն և ընտանիքը զրկանքների ենթարկած, բոլոր ուժը կենտրոնացրած, արյուն-քրտինքով տանջվում էր ու աշխատում Միր–Մուրթուզայի կալվածներում:
Մինչև անգամ այնքան անբարեխիղճ էր կալվածատերը, որ Ղասըմի ձեռքի տակ բանող գործավորներից ամենահետնյալ մշակի կեսի չափովն էլ չէր մտածում Ղասըմին բավականացնել, այնպես որ խղճալին պարտավորված էր լինում երբեմն-երբեմն կողմնակի կալվածատերերից Պարսկաստանին հատուկ քառասուն-հիսուն տոկոսով փող փոխ առնել ընտանիքը քաղցից փրկելու համար: Եվ եթե այս պարտքի վճարման համար մի երկու օրով ուրիշի կալվածներն էր կարգի բերում, նրանց քանքաններն էր վարել տալիս, Միր-Մուրթուզան նրան կանչել տալով, ասում էր հանդիմանությամբ.
– Երախտամոռ, թողել իմ գործերս, ձգել ես երեսի վրա իմ կալվածներս, գնացել աշխատում ես այն մարդկանց գործերում, որոնք քեզանից երես թեքեցին, երբ դահիճը ձեռքդ էր կտրելու:
– Ախր, աղա ջան, ղուրբան, – ասում էր Ղասըմը հանգստությամբ, – ներեցեք համարձակությանս, մեր տանը ութ-տասը բերան կա, որ առավոտ–իրիկուն հաց են ուզում, դրանց մարմինները ծածկելու համար հագուստ է պետք: Ես ձեր գործերը կարգի դրած միայն հեռանում եմ, այնպես որ իմ բացակայությանս առաջ են տանում գործը բանվորներս և եթե ինձ պետք են ունենում, կանչում են: Իմ գնալովս ոչ միայն գործերիդ վնաս չի հասնում, այլ ես միջոց եմ գտնում ընտանիքիս կարիքները հոգալու և ձեզ այդ նեղությունից ազատելու:
– Էհ, մի արդարանալ, պատճառաբանություններ մի