Վերք Հայաստանի. Խաչատուր Աբովյան. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Խաչատուր Աբովյան
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: История
Год издания: 0
isbn: 9781772467864
Скачать книгу
բեկ դառնամ, աշխարքի տեր ըլիմ ու իմ օրենքն ուրանամ: Թուրը սարդարն էր բաշխել, թվանքը՝ Ջավաթ խանը, ձին՝ Նաղի խանը: Նոր էլ Հայոց սարվազի նայիբությունը նրան էին տվել: Ա՜խ, ո՞րն ասեմ. մեկ Աղասի էր, մեկ քյուլ Երևան. Ո՛վ ասես նրա անունովն էր օրթում ուտում, ո՛վ ասես` նրա արևովն էր խնդում, նրա գլխովն էր ուզում պտիտ գա:

      – Էս ո՞ւր եմ… քնա՞ծ եմ, զարթո՞ւն եմ, երազո՞ւմ եմ. Օ՜հ, օ՜հ, օ՜հ… արյան ծովն է՞ս ա, որ ասում են, – սկսեց ողորմելի ծերունին Էսպես իրան-իրան խոսալ, երբ առաջի տաքությունն անց կացավ, ու թըմբրություն էկավ վրեն: – Դժոխքի տարտարոսն է՞ս ա, որ պատմում են… Իսրի պուճախն է՞ն ա… Վա՜յ ինձ, վա՜յ ինձ… վա՜յ ինձ… Միսս սրսռում ա… աչքս խավարում ա… չանգալ ա, որ հազրում են… մանգաղ ա, որ սրում… շիշ ա, որ կայծակին ա տալիս… Ա՛ստված, քո փառքդ շա՜տ էլ ընչի՞ մեզ ստեղծեցիր… որ էս կրակի մեջը պետք է էրեիր… Երանի՜ նրան, որ մոր փորիցը դուս չի՛ էկել… էս ի՞նչ եմ տեսնում, արա՛րիչ աստված… Հրե՛ն, խորովում են… հրե՛ն, միսը կտրատում են… Ամա՜ն… ամա՜ն… ամա՜ն… Գլուխ առե՛ք, կորե՛ք… Շատ գինի խմողի փորն են ճղում… փիս խոսողի, բամբասողի, խաբարբզանի… տուն քանդողի լեզուն են բողազիցը դուս ճոթռում, էրում, տապակում… Շատ փող սիրողի ջանին մանեթներ ա, որ կրակիցը հանում են, կպցնում… Կաշառք ուտողի միսը քալփաթնով պոկում են, բերանն են տալիս… Վատ ճամփի ման էկողի, գողի, բոզի գլխըներին հալած արճիճ են ածում… տաքացրած շամփրներ սրտները կոխում ու էրում, փոթոթում… Մեկ տեղ վնգվնգում են, մեկ տեղ թնգթնգում… Մեկ տեղ վլվլում են, մեկ տեղ թլթլում… Մեկի էրեսիցը քրտնքի տեղ կայծակ ա վեր թափում… մեկի բերնիցը կրակ, բոց ա դուս գալիս, իրան էրում…Կայծակը մեկ կողմիցն ա խփում, ամպը մյուս տեղից գոռում… երկինք, աստղեր, արեգակ, լուսին՝ կորել, խավարել են… էնպես պատկերներ են առաջս գալիս, որ մեկի լեզուն կրակած թուր ա, մյուսի ձեռը՝ օձ. մեկի աչքիցը կրակ ա թափում, մեկի քթիցըն ծուխ վեր ըլում… Ա՛ստված, էս ո՞ւր տարան ինձ… էս ով բերեց ինձ էստեղ… Աշխարքի վերջը հո չի՞ հասել… էրեկ չէ՞ր, որ էլով, գյունով նստած՝ քեֆ էինք անում… Քոմակ արե՛ք, օգտեցե՛ք, աստծու խաթեր, ի սե՛րը Քրիստոսի. հրես գալիս են, որ ինձ էլ տանին… Աղա՛սի ջան, ո՞ւր ես, էդ ղոչաղ ձեռդ մի հասցրո՛ւ, է՜, անումի՛դ մեռնիմ… էլ քո հորը ո՞ր օրը պետք է քոմակ անես…

      Որդու անունը անկաջն ընկավ թե չէ, հենց բռնես՝ կայծակը խփեց. ջանը մեկ թափ տվեց, սասանմիշ էլավ, աչքը բաց արեց, տեսավ, որ բոլորը մտաց ցնորք էր. ո՛ չ դժոխք կար, ո՛չ կրակ. էլի էն սուփրեն էր էլի Էն հացը, բայց ղոնաղների շատը հեռացել, տերտերը ավետարանը նրա գլխին էր դրել, աչքը երկինքը քցել, սաղմոս էր ասում, աղոթք էր անում, վրեն Խաչ հանում ու մարմանդ արտասունքը սրբում, հեկեկում:

      – Տե՛րտեր ջա՛ն, դո՞ւ ես. ձեռդ մի տո՛ւր, համբուրեմ, աջի՛դ մատաղ գնամ: Ուխա՜յ… Սիրտս հովացավ, ջանս տեղն ընկավ, հլա մեկ քանի տարի էլ ումուդ ունիմ, որ քո աղոթքովն ապրիմ: Էս ի՞նչ էր, տո՛… ուզում էին ինձ սաղ-սաղ դժոխքը տանին… Դեռ Աղասուս էրեսը չպաչած, դեռ կնկանս ու հարսիս օրհնություն չտված ո՞ւր կէրթամ… Տղերքն ո՞ւր են, Վիրապն ո՞ւր ա, խի՜ստ եք ձենըներդ կտրել հա՜յ յա՛սսարներ. էլի ֆռսանդ են ճարել, ինձ քնած թողել իրանք դուս գնացել որ յալլի տան (պար գան): Տեսնո՞ւմ ես, էն հարամզադեքն ի՞նչ են բերում իմ գլո՞ւխը: Ասենք՝ ծերացել եմ, ոտներս չի՛ պար գան, հո մեկ թևերս էլա կբարձրացնե՞մ, ծա՞փ կտամ, հետըները քե՞ֆ կանեմ: Ծերության երեսին նալլաթ. ո՛վ ասես՝ ծերի դնչին էլ չի՛ մտիկ տալիս: Գինի