Հայրը դառնությամբ հեկեկաց։ Նարեկի աչքերը լցվեցին։ Նա արագ սրբեց արցունքները։ Հիմա գոնե մեկը պիտի ամուր մնա։
_Հայրի՜կ, խնդրու՛մ եմ…
_Մի՛ խնդրի՛… չե՛մ ուզում… ես քիչ առաջ տեսել եմ իմ մեռած աղջկան… իմ երեխան արյունոտ գլխով ու փայտացած… ի՞նչ եմ անելու… ինչպե՞ս եմ ապրելու…
Յոհաննեսը դառնությամբ լացում էր ու անվերջ խոսում։ Որդին ընդհակառակը՝ սակավախոս էր։ Նարեկի գլխում պտտվում էր, թե ո՞վ կարող էր անել այս անմարդկային քայլը։ Եթե միայն թալանեին, բայց ուզեցել են և մաքրել հետքերը։ Արփին չկա՛, կինը վիրավո՛ր, Սահակը կորա՛ծ։ Երեխան ի՞նչ վնաս կարող է հասցնել։ Անխիղճնե՛ր, մի՞թե մարդկային ոչ մի հատկանիշ չկա ձեր մեջ։ Ինչպե՞ս կարելի է վնասել այդ փոքրիկին։ Գու՞ցե կնոջ հետ տարել են հիվանդանոց, ուղղակի մոռացել են զեկուցել… բայց ինչպես կարելի է մոռանալ երեխայի մասին… ինչու՞ քննիչը շտապեցրեց գալ հիվանդանոց… չլինի թե՞… միգուցե Սոնան մահացել է, այդ քաչալը չասաց… իսկ որդի՞ն… նույնիսկ մտովի չկարողացավ արտահայտել սոսկալի ենթադրությունը…
Հիվանդանոցում պարզվեց, որ կինը կենդանի է։ Բայց որդին չկար։ Սոնայի մոտ չթողին մտնել։ Վիճակը կայուն ծանր էր։ Բժիշկները ասում էին, թե գլխավորը առաջին մի քանի գիշերներն է։ Եթե այդ ընթացքում ոչինչ չլինի, ուրեմն կապրի։ Խե՜ղճ Սոնա… գուցե ամենալավ վիճակը հիմա քոնն է։ Գոնե չգիտես ի՛նչ է կատարվել։ Նարեկը նստել էր միջանցքում ու բռնել գլուխը։ Յոհաննեսը մոտից չէր հեռանում։ Անվերջ ողբում էր դստեր կորուստը։ Վերջապես կարողացան համոզել, որ իրեն պետք հանգստացնող դեղ ընդունել ու մի քիչ քնել։ Երկար հակառակեց, բայց վերջը համոզվեց, երբ որդին խոստացավ մնալ մոտը։
Յոհաննեսը պառկած էր։ Աչքերը կիսափակ, արցունքները անդադար հոսում էին այտերն ի վար։ Նարեկը ուժ չէր գտնում նայել նրա վրա։ Այո՛, քրոջ կորուստը ուժեղ հարված էր, բայց մյուս կողմից կինը կյանքի ու մահվան կռիվ է տալիս, այնտեղ մի քանի պատ այն կողմ։ Իսկ Սահա՜կը… Ինքը նույնիսկ վայրկյան չունեցավ կորուստը ողբալու… Հարվածը հարվածի հետևից…Ոտքի կանգնեց։
_Ու՞ր… մի՛ գնա… մեկ երեխաս կորցրի, չեմ դիմանա, եթե քեզ էլ մի բան պատահի։ Չգնա՛ս… Նարե՛կ, մո՛տս մնա՛…
_Հայրի՛կ, Սահակս չկա՛։ Որդիս կորե՛լ է։
Երիտասարդը փղկձաց։ Եթե մինչև այս, նա աշխատում էր հոր ներկայությամբ ուժեղ լինել, այլևս չհամբերեց ցավին ու երեխայի նման լաց եղավ։
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «ЛитРес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.