Կայծեր Մաս 2. Րաֆֆի. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Зарубежная классика
Год издания: 0
isbn: 9781772467086
Скачать книгу
տանում և հայոց դպրոցների հառաջադիմության մասին: Այգեստանում կա մի նշանավոր դպրոց, որը գտնվում է իմ առանձին խնամակալության ներքո: Ես իմ սեփական միջոցներից այդ դպրոցի վարժապետին թոշակ եմ տալիս:

      – Վարժապետը ի՞նչպես մարդ է, ընդունա՞կ է իր պաշտոնին, – հարցրեց Ասլանը:

      – Ամենապատվական մարդ է, մեր քաղաքի հայ գիտնականների մեջ նրան կարելի է առաջինը համարել:

      Փաշայի խոսքը Սիմոն պատվելիի և նրա դպրոցի մասին էր: Ասլանը այնպես ձևացրեց իրան, որ ամենևին տեղեկություն չունի այդ դպրոցի մասին:

      Խոսակցությունը դարձյալ ընդհատվեցավ, երբ մանկլավիկների մի խումբ, գեղեցիկ արծաթյա մատուցարանների վրա դրած, ներս բերեցին զանազան տեսակ անուշահոտ շերբեթներ և զանազան տեսակ քաղցրավենիք ու խմորեղեններ, պատրաստված նուշով և հոտավետ համեմներով: Փաշան իր ձեռքով ընտրում էր անուշ պատառները և առաջարկում էր Ասլանին:

      – Փորձեցեք այդ «փախլավայից», – ասում էր նա, – հայոց առաջնորդը սաստիկ սիրում է այդ «փախլավան»: Երբ որ նա ինձ մոտ է գալիս, եթե «փախլավա» չլինի, անպատճառ դժգոհ կմնա:

      – Իրավունք ունի հայոց առաջնորդը, – պատասխանեց Ասլանը, – բավական լավ է պատրաստած:

      – Դուք ծանո՞թ եք նրա հետ:

      – Ոչ, ես դեռ չեմ տեսնվել նրա հետ:

      – Անպատճառ պետք է տեսնվել, ես ձեզ խորհուրդ կտայի տեսնվել նրա հետ, դուք շատ գոհ կմնայիք. նա պատվական մարդ է, ամենապատվական մարդն է: Գալ Վան և հայոց առաջնորդին չտեսնել, դա միևնույն կլիներ, որպես գնալ Հռոմ և պապին չտեսնել:

      – Ես օգուտ կքաղեմ ձեր խորհրդից, – ասաց Ասլանը, – առանց հայոց առաջնորդի հետ տեսնվելու, չեմ հեռանա այդ քաղաքից:

      Փաշայի և հայոց առաջնորդի բարեկամական հարաբերությունները մեզ հայտնի էին. այստեղից բացահայտ էր, թե նա ինչո՛ւ հորդորում էր Ասլանին` անպատճառ տեսնվել «ամենապատվական մարդու» հետ: Տարակույս չկա, որ փաշան հավատացած էր, որ առաջնորդն էլ նույն վկայությունը կտար իր մասին, թե փաշան ամենապատվական մարդն է, և եվրոպացի ճանապարհորդի ուղևորության տետրակի մեջ կավելանային մի քանի փայլուն խոսքեր երկրի այդ երկու բարձր ներկայացուցիչների մասին:

      Փաշան ինքը մատնեց իրան, ասելով.

      – Նա իմ լավ բարեկամս է և իմ եռանդոտ գործակիցս է իմ բոլոր ձեռնարկությունների մեջ: Ես կատարյալ սիրահար եմ եվրոպական կրթության, պարոն բժշկապետ: Եթե ես հրաշագործության շնորհ ունենայի, կաշխատեի մի քանի վայրկյանի մեջ մեր հայրենիքը Ֆրանսիա դարձնել: Բայց դժբախտաբար այդ անկարելի է: Մենք շատ գործ ունենք կատարելու. մենք շատ ետ ենք մնացել, այժմ ստիպված ենք թռիչքներ գործելով առաջ ընթանալ, որ հասնենք լուսավոր ժողովուրդներին:

      Մի թեթև ժպիտ երևաց Ասլանի դեմքի վրա:

      – Ժողովրդի կրթությունը կանոնավոր լինելու համար, – նկատեց նա, – հարկավոր չէ թռիչքներ գործել, այլ թողնելու է նրան, որ իր բնական ընթացքով առաջ գնա: Միայն գլխավոր պայմանը այն պետք է լինի, որ ժողովրդի հառաջադիմության ղեկը պետք է ուղիղ ճանապարհի վրա դրվի, որպեսզի նրանից չշեղվելով, ցանկացած նպատակին հասնի:

      – Բոլորովին ճիշտ է ձեր նկատողությունը, – պատասխանեց փաշան գործագետ մարդու եղանակով: – Բայց մեր դժբախտությունը նրանումն է, որ մեր առաջավոր մարդիկը, խիստ սակավ բացառությամբ, անբարեխիղճ են: