Հին աստվածներ. Լեւոն Շանթ. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Լեւոն Շանթ
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Зарубежные любовные романы
Год издания: 0
isbn: 9781772467062
Скачать книгу
իր վերջը

      ԿՈՒՅՐԸ – Ու հասար ափը: Եվ երբ առին քո բեռդ թևերիդ ու դուն ուժասպառ ինկար ավազին, արդեն դիակ մըն էիր անկենդան:

      ԱԲԵՂԱՆ – Ճշմարիտ է, ինծի այդպես զգացի:

      ԿՈՒՅՐԸ – Դիակ մըն ես դուն և հիմա: Մարմին մը, ուրկե ելեր է Աստծու շունչը:

      ԱԲԵՂԱՆ – Ախ Աստված իմ, կորուսի հոգիս:

      ԿՈՒՅՐԸ – (Ոտքի ելլելով) Ինկիր գետին ու կոծե, քուրձ հագիր ու ապաշխարե, իսկ ամենեն առաջ գնա իսկույն վանահոր մոտ ու խոստովանե:

      ԱԲԵՂԱՆ – Խոստովանի՞մ, վանահո՞րը, ի՞նչը, ինչո՞ւ: Ա, ամեն, ամեն բան, բայց այդ մեկը երբեք: Երբեք: Եվ դուն ալ, հայր սուրբ, չլլա, թե…

      ԿՈՒՅՐԸ – Ես կույր եմ, խուլ ու համր, բայց գնա ինքդ վանահոր մոտ ու ինքնակամ խոստովանե:

      ԱԲԵՂԱՆ – (Կտրուկ) Վանահորը երբեք:

      ԿՈՒՅՐԸ – Կվախնա՞ս:

      ԱԲԵՂԱՆ – Ոչ: Բայց… բայց…

      ԿՈՒՅՐԸ – Իհարկե, դուն կուզեիր պահես թաքուն սրտիդ մեկ հեռավոր խորշին մեջ քու այդ փոքրիկ նոր սրբությունդ, պահես և երկրպագես ծածուկ:

      ԱԲԵՂԱՆ – Գթա, գթա ինծի, անողոք:

      ԿՈՒՅՐԸ – Իսկ դուն քեզ կգթա՞ս, կռապաշտ: Հիշե պատվիրանը. “Մի եղիցին քեզ այլ Աստուած բաց յինեն”:

      ԱԲԵՂԱՆ – (Կակազելով) Մի եղիցին… մի եղիցին…

      ԿՈՒՅՐԸ – (Շեշտելով) “Մի արասցես քեզ կուռս ըստ ամենայն նմանության որ ինչ երկինս ի վեր է և որ ինչ յերկրի ի խոնարհ և որ ինչ ի յուրս ի ներքո երկրի…”:

      ԱԲԵՂԱՆ – (Դողդոջ) “Եվ որ ինչ ի ջուրս ի ներքո երկրի”:

      ԿՈՒՅՐԸ – (Կամաց-կամաց երթալով դուռը) “Զի ես եմ Տեր Աստուած քո, Աստուած նախանձոտ, որ հատուցանեմ զմեղս յերիս և ի չորիս…”: (Դուրս):

Բ

      ԱԲԵՂԱՆ – (Կերթա ծունկի կուգա խաչելության առջև բազկատարած ու ջերմեռանդ) “Կեցո զիս, Աստուած, զի հասին ջուրք յանձն իմ, ընկայ ես ի խորս անդնդոց, ուր ոչ գոյ ինձ հանգիստ: Եկի ես ի խորս… ծովու… և շրջանք…ընկղմեցին զիս…”: (Քիչ-քիչ կթուլնա, կնստի ծունկերուն և գլուխը կկախե կրծքին):

Գ

      Խաչն ու սեղանը կամաց կսկսի մշուշապատիլ, ամեն ինչ կխառնվի իրարու, և այդ մշուշի ֆոնին վրա հետզհետե կպարզվի աղջկան կերպարանքը: Ամբողջապես սպիտակ հագած, հագուստը պարզ, նուրբ ու ձիգ, կարծես ջրեն հանած, մազերը արձակ, խոնավ ու վրան մեկ-երկու թել ծովու խոտ: Աբեղան թեթև մը գլուխը կբարձրացնե, հանկարծ կտեսնե ու սարսափահար կցատկե ոտքի:

      ԱԲԵՂԱՆ – (Ետ-ետ երթալով): Դո՞ւն…դո՞ւն…

      ԱՂՋԻԿԸ – Այո, ես, միթե չէիր սպասեր:

      ԱԲԵՂԱՆ – Աստված իմ:

      ԱՂՋԻԿԸ – Մենա՞կ ես:

      ԱԲԵՂԱՆ – Ես… ես մենակ եմ միշտ:

      ԱՂՋԻԿԸ – Այ, եկա քեզի ընկեր, և եկա այսպես կեսգիշերին, որ մինակ ըլլանք ես ու դուն: Դուն, իմ քաջս, իմ արևս, իմ լուղորդս…

      ԱԲԵՂԱՆ – Հերիք է:

      ԱՂՋԻԿԸ – Ինչո՞ւ: Չէ՞ որ ես քեզմով է, որ հիմա կապրիմ, չէ՞ որ դուն նորեն կյանքս տվիր ինծի, և ինչ քաղցր է այդ կյանքը, որ դուն տվիր ինծի: Այս քանի-քանի տարի ապրեր եմ ես, ամբողջ տասնյոթը տարի, և ես չգիտեի, բնավ չգիտեի, որ չէի ապրեր: Մի՞տքդ է ցերեկը, հոն, ալիքներուն մեջ, նայե, մազերս խոնավ են դեռ, բռնե, բռնե, շոշափե:

      ԱԲԵՂԱՆ – (Ետ-ետ կերթա հափշտակված աղջկան նայելով):

      ԱՂՋԻԿԸ – Բայց գիտե՞ս` ինչ ուժեղ թևեր ունիս և ինչպես ճկուն, իսկ ես դեռ այնպես հուզված եմ, դեռ այնպես հոգնած (Կուզե նստի Աբեղայի անկողնին):

      ԱԲԵՂԱՆ – (Արգիլել ուզելով) Օրիորդ:

      ԱՂՋԻԿԸ – (Կնստի անկողնին ծայրը) Ես օրիորդ եմ ծառաներուս համար, ես օրիորդ եմ մեր հպատակներուն համար, իմ տերս ինծի այլ կերպ պիտի կանչե:

      ԱԲԵՂԱՆ – Սեդա:

      ԱՂՋԻԿԸ