Պատմվածքներ. Մուրացան. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Մուրացան
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Современная зарубежная литература
Год издания: 0
isbn: 9781772467932
Скачать книгу
աղքատասեր, միով բանիվ այնպես՝ ինչպես հրամայում է նրանց լինել մեր Տերը: Եվ մենք մեր Տիրոջ սուրբ կամքից երբեք չենք շեղվում:

      Այնուհետև քարոզիչը նորեն դարձավ պասին, սուրբերին, պատկերներին և մեր եկեղեցու զանազան արարողությանց և ծեսերին: Երկար ու բարակ խոսեց և ըստ կամաց հազար ու մի սուտ ու սխալ բացատրություններ տվավ այդ ամենի համար: Հետո նա յուր կարծիքով այնքան պակասություններ գտավ մեր հոգևոր հայրերի մեջ, այնքան թերություններ մեր կրոնի և եկեղեցու մեջ, որ յուր ունկնդիրներից մի քանիսին, ի միջիայլոց և ոսկերիչ Գրիգորին, համոզեց, որ իրանք բոլորն էլ մոլորյալ ոչխարներ են, արդեն դժոխքի համար պատրաստված, որովհետև արքայություն մտնելու համար նորեն պետք է «եղբայրություն» ընդունեին, այլապես անհնար էր:

      Քարոզիչը յուր բոլոր խոսակցության ժամանակ աշխատում էր խեղճ և տգետ արհեստավորների առաջ այնպիսի բաներ խոսել, որոնց հետ վերջիններս շատ ծանոթ էին, և որովհետև այդ խեղճ մարդիկը նրա ասածների միմիայն երեսն էին տեսնում, առանց խորը թափանցել կարողանալու և մանավանդ, որ սա կրկնում էր մեր այն թերությունների մասին, որոնց մենք ինքներս շատ անգամ հարվածում ենք, այս հանգամանքը մանավանդ օգնում էր, որ մի քանիսը բոլորովին հափշտակվել էին յուրմով: Ինչ վերաբերում է ոսկերիչ Գրիգորին նա սրան երկնքից իջած էր համարում: Հյուրերից հասակավորները միայն գինու առատությունից թմրել և լսելու ու հասկանալու անընդունակ էին դարձել, մյուս բոլոր երիտասարդները արդեն բավական խմորվել էին:

      Ավետիքի զգացած ուրախությանը չափ չկար: Նա խոսելուց և քարոզելուց այն ժամանակ դադարեց, երբ ճրագները ներս բերին: Այնուհետև հյուրերի ցրվելու ժամանակն էր: Երբ հերթը եկավ Ավետիքին՝ նա վերկենալով հայտարարեց, որ այսուհետև կաշխատե շուտ – շուտ տեսնվիլ յուր այս օրվա բարեկամների հետ, որոնց նմաններին նա դեռ պատահած՝ չէր, ինչպես ասում էր, և կխոսի «հոգեշահ» բաների վրա: Ոսկերիչ Գրիգորը և յուր մի քանի ընկերները ուրախություն հայտնեցին նրա «հոգեշահ» քարոզներին ներկա գտնվելու ուր և լինի:

      Բայց քարոզչի աշակերտ Կարոն ավելի լավ բան առաջարկեց, այսինքն վաղը երեկոյան ժողովվել յուր տանը ընթրիքի: Ներկա եղողները պարտավորվեցան բոլորն էլ այնտեղ գտնվիլ մի ուրիշ ժամում և միմյանց «բարի գիշեր» մաղթելով հեռացան:

      Գրիգորը հյուրերին ճանապարհ դրավ մինչև բակի դուռը: Երբ դարձավ տուն, Մարիամին գտավ շատ տխուր և առանձնացած սենյակի մի անկյունը:

      – Մարիամ, ինչո՞ւ տխուր ես, – ըստ սովորականին քնքշաբար մոտեցավ նրան Գրիգորը, – մի՞գուցե հիվանդ ես:

      – Ո՛չ, հիվանդ չեմ:

      – Ուրեմն, բարկացա՞ծ ես:

      – Այո՛, քեզ վրա:

      – Ի՞նձ, հա, հա, հա, ինչո՞ւ համար, մի՞թե քո դեմ մի անախորժ բան ունե՞մ արած:

      – Այո, շատ անախորժ: Ո՞վ է այդ Ավետիքը, որի շատախոսությունները այդքան զմայլված լսում ես:

      – Ո՞վ պետք է լինի, մի բարի մարդ, մի՞թե մեղք է նրա հետ խոսիլը:

      – Այո, շատ մեղք է, դա բարի մարդ չէ, այլ սատանայից էլ չար: Դու գիտես, որ դա լութերական քարոզիչ է, դրան ուր ես քո սեղանի վրա նստեցրել:

      – Եթե լութերական է, բայց ինքն էլի հայ է, ուրեմն չի՞ կարելի մեր սեղանի վրա նստեցնել:

      – Գլխիս վրա էլ կնստեցնեմ, եթե լուռ ու մունջ մյուսների պես նստե, յուր հացն ուտե, ուրախություն անի ու դուրս գնա, բայց որ նստել է քարոզներ ասում, և մարդկանց ճանապարհից հանում, ես նրան ախոռն