– Էկեր պատարագիչ չըլլեիր, ոտիս տակը կառնեի քեզ, շո՛ւն շան որդի։
Ապա ժամկոչին նկատողություն էր անում, որ զանգը քիչ տվեց, լուսարարին հայհոյում էր, որ եկեղեցու մեջտեղի կանթեղը շուտ պրծավ, և այլն։
Տուն վերադարձին, տան բոլոր անդամների բերաններից հոտ էր քաշում, թե պատարագից առաջ բան կերե՞լ են։
Ամեն մեկին կանչում էր թե՝ – Հո՛ ըրե։
«Հո» էինք անում և ուտում ապտակը ո՞վ կարող էր բան չուտել մինչև պատարագի վերջը։
Մենք կաղամբը հում էլ ուտում էինք, որովհետև քաղցր էր լինում, ճիշտ մրգի նման բերում էին սեղան, ջարդված։
Մի անգամ ծառան շուկայից կաղամբի մի գլուխ էր բերել։ Մորեղբայրներից մեկը՝ Պարթևը, ճանկեց կաղամբը և ուզեց մի կտոր պոկել։ Պապս նրան սաստեց, որ «մինչև սեղան չի գա, չի պտի ուտես»։
Բացի սաստելուց, նրա թաթիկին մի հատ էլ խփեց, բայց երբ կաղամբը ջարդեցին և բերին սեղան, Պարթևը հրաժարվեց ուտելուց։ Պապս հրամայեց նրան ուտել, նա համառորեն հրաժարվեց։ Այս անգամ պապս բռնի մի կտոր կոխեց նրա բերանը և սկսեց խփել գլխին։
– Սատկես նե՝ տ՚ուտես։
Պարթևը ցավից սկսեց լաց լինել և ճչալ կաղամբի խոշոր կտորը բերանում։
– Հաջի՛ աղա, կուտե, հաջի՛ աղա, կուտե, – աղաչում էր տատս, բայց հաջի աղան խփում էր Պարթևին և գոռում
– Ուտելու խշրտոցը տի լսիմ:
Եվ Պարթևը հարվածներից ազատվելու համար սկսեց կես լաց լինել ու կես ուտել, և պապս հանգստացավ՝ լսելով կաղամբի՝ ատամների տակ տրորվելու յուրահատուկ խշրտոցը։
Պապիս բեղերն այնքան երկար էին, որ հասնում էին մինչև ականջներր։
Նա խորագույն հպարտությամբ դիտում էր այդ բեղերը հայելու մեջ ամեն անգամ ամեն մի պոչը երեք֊երեք անգամ շոյում էր և հեռանում հայելուց։
Սովորություն ուներ նա, որ երբ Ամերիկայից նամակ էր ստանում, անպայման ծրարը պետք է մկրատով կտրեր բանալու համար։ Տատս անհամբերությամբ, և երբեմն արցունքոտ աչքերով, սպասում էր իր պանդուխտ որդիներից մեկի նամակի ընթերցման, բայց պապս անասնական համառությամբ չէր բաց անում, մինչև մկրատը գտներ, իսկ եթե մկրատն օրերով չգտներ, օրերով չէր բաց անում։ Բանալուց հետո էլ՝ երկար բարակ ակնոցն էր մաքրում, սիգարեթը փաթաթում, մոխրաման բերում, դնում իր առաջը, մի օղի էր ճնկում, հազում էր, թքում և ապա սկսում էր կարդալ։ Սկսում էր կարդալ ոչ թե բարձրաձայն, այլ իր համար, ինչպես ինքն էր ասում, կարդում էր թիվ, որպեսզի «պարունակության վերահասու ըլլա» և հետո դարձնի ընտանիքի մյուս անդամների սեփականություն։
Երբ տատս կենում և սպասում էր, որ վերջապես վերջանան այդ դաժան գործողությունները, պապս ասում էր
– Գնա կերակուրդ եփե, վերջը եկո՛։
Տատս փափուկ, սպիտակ ձեռներով, փոքրիկ մի կին էր, խոշոր, սև աչքերով, միշտ ժպտուն, միշտ հեզահամբույր և չափազանց մաքրասեր։ Նրանից միշտ մենք առնում էինք մաքուր սպիտակեղենի զգլխիչ հոտը։ Խոսում էր մանտր֊մանտր, ախորժելի և խելոք։
Ամառը նա սիրում էր նստել պատշգամբը, որի առաջը փռվում էր աստիճանավոր պարտեզը, պարտեզի տակով անցնում էր անվերջ ջրվեժներով մեծ առուն։ Առուն գալիս էր բարձրից և խոր ձորերով գնում էր դեպի զմայլելի դաշտը։
Երբ ծառերի տերևները շարժվում