Մթնաձոր. Ակսել Բակունց. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Ակսել Բակունց
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Поэзия
Год издания: 0
isbn: 9781772468212
Скачать книгу
Նրան այնպես էր թվում, թե Մթնաձորի բոլոր գազաններն են վազում իր ետևից:

      Ծառի մի ճյուղը փշերը խրեց փափախի մորթուն, փափախն ընկավ: Հենց այդ վայրկյանին նա մի ծանր հարված զգաց մեջքին, բրդոտ մի թաթ ճանկերը խրեց ծոծրակի մորթու մեջ: Լսվեց մի կրակոց, բայց Ավին ոչինչ չզգաց:

      Պանինը սատանայի պես քրքջում էր, ոտքն արջի դիակի վրա:

* * *

      Ավին հիմա էլ ողջ է:

      Զարհուրանքով կարելի է նայել նրան, երբ փողոցի անցուդարձ անողներից պահված, մի անկյունում քաշված, սրա-նրա համար տրեխ է գործում:

      Ավու հագին չուխա է, տրեխներ, սովորական մարմին, առողջ ձեռքեր, որոնք շատ վարժ կաշին են ծակոտում, կաշվի թելերից հանգույցներ անում: Եվ սովորական մարմնի վրա գլխի տեղ մարդկային գանգ, ամբողջովին կլպված, առանց մազի, առանց մորթու:

      Արջը թաթի մի հարվածով ծոծրակի փափուկ մսի մեջ է խրել սուր ճանկերը և վիրավոր արջի ամբողջ զայրույթով իրան քաշել գանգի մորթին, մորթու հետ էլ գլխի մազերը, ունքերը, աչքերն ու քիթը:

      Ավին շրթունքներ չունի: Ոսկորների բաց ճեղքից երևում են ատամները, բաց է քթի խոռոչը, և երբ Ավին համրի պես խոսում է, շունչը քթի խոռոչովն էլ է դուրս գալիս: Աչքերի խոռոչներում չորացած մսի կտորներ կան, ծառի վրա կիսաչոր, մաշկը ծալ-ծալ եղծ ծիրանի պես:

      Նրա գանգի վրա ողջ են մնացել միայն ականջները: Նայում ես և չես կարողանում որոշել` ծեր է Ավին, թե դեռ երիտասարդ, որտեղից է գալիս նրա ձայնը, գուցե մարդ չէ, այլ խրտվիլակ, գուցե չուխայի տակ կմախք է և ոչ միս ու մարմին:

      Սակայն նրա ձեռքերին միս կա և մաշկ, մատները վարժ շարժումենր են անում, և երբ Մթնաձորի անունն են տալիս, երևում է, որ ատամներն ավելի է դուրս գցում, կոկորդից ընդհատ ձայներ է հանում:

      Ու չգիտես` զայրանում է, թե ժպտում հին որսորդը…

      ՎԱՆԴՈՒՆՑ ԲԱԴԻՆ

      Գյուղում բոլորն էլ ճանաչում էին Վանդունց Բադուն, գիտեին, որ նրա տունը վերի հանդը տանող ճամփի վրա է, ջաղացներին չհասած, Աթանանց մեծ ընկուզենու մոտ:

      Բադին գյուղի տավարածն էր: Ամենից կանուխ նա էր զարթնում, նրա ձայնն էր հնչում գյուղի փողոցներում:

      – Տավարը տարա հե՜յ, ա' խալխը, ետանաք ոչ…

      Գյուղացիք այնքան էին վարժ նրա կանչին, որքան աքլորի կանչին: Շատ անգամ ժամանակ որոշելու համար ասում էին, թե՝

      – Բադին հալա տավարը տարել չէր, որ ես հանդումն էի, – կամ թե՝

      – Հենց Բադին մի բերան կանչեց թե չէ, վեր թռա տեղից:

      Բադին ինքն էլ չէր հիշում, թե քանի տարվա տավարած էր: Նա հենց այն գիտեր, որ խոլերի տարին իրեն զինվոր էին կանչել, մնացել էր գյուղում: Այն ժամանակ Աթանանց ընկուզենու մոտ ջաղաց դեռ չկար:

      Ոչ ոք գյուղի հանդն ու սարը Բադուց լավ չգիտեր: Անթիվ անգամ նա չափչփել էր նախրի հետ սար ու ձոր: Նախիրն էլ էր լավ ճանաչում, գիտեր, թե այս կովն ումն է, թե չալ կովը երբ է սուբահ մնացել, քանի ծին ունի, թե Քարամենց եզան պոզն ինչու է կոտրած:

      Ամեն անգամ նախիրը գյուղից քշելիս հերիք էր մի անգամ նայեր, որ կարողանար որոշել, թե նախրից որ կովն է պակաս:

      Երբ երեկոյան նախիրը գյուղ էր դառնում, աղբյուրի մոտով անցնելիս Բադին էր, որ հարս ու աղջիկներին կշտամբում էր, թե`

      – Պղնձաքարի սարում ավելուկը կանաչել ա, Սանդ աղբյուրի մոտ մոշը հասել…

      Նախիրը գյուղում ցրելուց հետո, իրիկնապահին, Բադին փայտին հենած մեկ էլ ետ էր դառնում