Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո). Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: История
Год издания: 0
isbn: 9781772467406
Скачать книгу
համարյա թե Մուհամեդի դրախտ, ե՛ւ մեկին 45-50 բերող հունձ Հայաստանի արտերում, ե՛ւ մեղր ու կարագ բխեցնող աղբյուրներ։ Ամենաբնորոշն այն է, որ միությունը հավատացնում էր, թե պատերազմի դաշտում ամենքը չեն մեռնում, իսկ մեռնողներն էլ հազարապատիկ պակաս տանջանքներ են զգում, քան իրենց տանը, փափուկ անկողինների մեջ մեռնողները։ Մի կատարյալ բուրժուական դրախտ [էր] այս ազատագրությունը… Տեսնում ես մի հեղհեղուկ, թշվառ մտայնություն, որ դժվարությունների անսովոր միջավայրում է զարգացել եւ կաշառքներ տալով է մարդ ուղարկում պատերազմի դաշտ։

      Եվ այս գաղափարախոսությունը գալիս հարմարվում էր այն ազգագրական խմբերին, որոնք տնտեսական եւ մշակութային հետամնացության մեջ էին ապրում։ Արմենականությունն արմատ բռնում էր գրեթե միմիայն Թուրքահայաստանում եւ առավելապես Վանում, ուր Փորթուգալյանը ժողովրդականություն էր ստացել իբրեւ ազգասեր գործիչ։ Կ.Պոլսում էլ կազմակերպվում էին շրջանակներ, ուր ղեկավարող դերը դարձյալ վանեցիներն էին կատարում եւ ուր արմենականությունը հաստատ հող էր գրավում։

      Հաջողության մի շատ խոշոր պատճառն էլ այն էր, որ գավառական հայության դրությունը գնալով ավելի ու ավելի վատթարանում էր, իսկ հրապարակում չկար մի այլ կազմակերպություն, որին դիմեին անբավական տարրերը։

      Է

      1884թ. հոկտեմբերին վախճանվեց Ներսես պատրիարք Վարժապետյանը։ Ամենուրեք մեծ տրտմություն պատճառեց այդ մահը հայ հասարակության լայն խավերին։ Ներսեսը մի շատ վեհ, համարյա հայրական հասկացություն էր այդ ժամանակ։ Սան Ստեֆանոյի, Բեռլինի կոնգրեսի ժամանակներից էր նա վաստակել այդ բարձր համարումը։ Նա Հայոց հարցի հայրն էր, եւ նրա եռանդից ու շնորհից էին ամենքն սպասում այդ հարցի լուծումը։ Չորս տարի շարունակ (1878-1882) նա շատ ուժեղ եւ հեղինակավոր դիրք էր բռնել Կ.Պոլսի դիվանագիտական շրջաններում եւ, հենված այդ դերի վրա, հանդես էր եկել իբրեւ հայ ժողովրդի պահանջկոտ ներկայացուցիչը, որ սուլթանի կառավարությանը նայում էր իբրեւ պատասխանատու կողմի։ Այցելում էր եվրոպական դեսպաններին, այցելություններ էր ընդունում նրանցից եւ ցույց էր տալիս դիվանագիտական այնպիսի բարձր «առաքինություններ», ինչպես են՝ հանգամանքներին արագորեն հարմարվելը, գրպանում միանգամից մի քանի պատրաստ լեզուներ ման ածելը եւ այլն։ Եվ հանկարծ այդպիսի խոշոր (հայ իրականության տեսակետից) քաղաքագետը մեռավ` չտեսնելով իր ստեղծած գործի իրականացումը։ Վիշտը մեծ էր` համազոր ազգային սգի։ Թիֆլիսի «Արձագանք» շաբաթաթերթը, արհամարհելով ցենզուրական պահանջը, սեւ շրջանակի մեջ դրեց Ներսեսի մահվանը նվիրված հոդվածը եւ իբրեւ պատիժ՝ դադարեցվեց ութ ամսով։

      Բայց ողբերը չէին կարող ծածկել այն ճշմարտությունը, որ Ներսեսը մեռնում էր ժամանակին։ Նա այլեւս անելիք չուներ, եւ մահն էր, որ կարծել էր տալիս, թե դեռ շատ անելիք ուներ։ Նույն` 1884-ի գարնանը Էջմիածնում կաթողիկոսական ընտրություն էր։ Շատ համառ պայքարից հետո հաղթություն տարավ «Մշակ» – ական ուղղությունը` առաջին թեկնածու ընտրել տալով Ներսես Վարժապետյանին։ Կարծում էին, որ եթե նա թողնի Բոսֆորի ափերը եւ կաթողիկոսի աստիճանով մտնի Էջմիածնի վանք, դրանով այնքան ուժ եւ նշանակություն կստանա, որ ավելի մեծ հաջողությամբ կտանի Հայոց հարցի պաշտպանությունը։ Բացի դրանից, Հայոց հարց ստեղծվում էր նաեւ Ռուսաստանում` Ալեքսանդր Գ-ի կառավարության հալածանքների պատճառով։ Եվ ահա ռուսահայերն էլ սպասում էին,