Տատս կոչվում էր Շուշան: Նա ժառանգել էր իր մոր անունը: Թե քանի՞ տարեկան էր, – ես հիմա էլ չգիտեմ: Բայց նա ականատես էր եղած այնպիսի անցքերի, որոնց վրայից դարեր էին սահել: Այսուամենայնիվ, նա բոլորովին չէր կորցրել իր ժրությունը: Կտեսնեիր, մի անվաստակելի մեքենայի պես, առավոտից մինչև երեկո, անդադար շարժման մեջ է: Նրա ամենատես աչքերը ամեն բանի վրա կնայեին և ամեն բան կդիտեին. նրա անհանգիստ լեզուն ամեն բանի մասին հարցմունքներ կաներ և անվերջ հաշիվ ու համարներ կպահանջեր: Մինչև մահ նա չթողեց ձեռքից իր կառավարության գավազանը – ահագին փայտյա շերեփը, որով նա ընթրիքի և ճաշի ժամանակ կերակուր էր բաժանում: Մինչև նրա մահը մեր տան թե մեծը և թե փոքրը ամենայն խոնարհությամբ հպատակում էին նրա հեղինակությանը:
Տատս շատ աշխատասեր կին էր: Ես դեռ հիշում եմ, թե որպես գիշերի մեծ մասը, նստած այծի մորթի վրա, դնում էր իր առջև մանելու մեքենան, և ոսկրացած ձեռքով, պտույտ տալով ճախարակի թևքը, բամբակից թել էր պատրաստում: Ինձ թվում է, թե դեռ զարկում է իմ ականջներին պառավի դողդոջուն մեղեդին իր տխուր, մելամաղձական հնչյուններով. ինձ թվում է, թե դեռ լսում եմ նրա նահապետական մեքենայի խուլ ճռճռոցը:
Մեր գյուղում տատս համարվում էր խելացի պառավներից մեկը, իսկ իր տան մեջ նրա իմաստությունը հասնում էր անսխալականության: Ճշմարիտն ասած, ես էլ փոքր ժամանակս հիացած էի նրա իմաստությունով: Նա ամեն բան գիտեր: Նա գիտեր, թե ի՛նչ նշանակություն ունեն այս և այն երազները: Նա գիտեր, թե ի՛նչ խորհուրդ ունեն, երբ մարդու մարմնի այս ու այն մասերը «խաղում են»: Նա հասկանում էր կաչաղակի լեզուն, և բացատրում էր, թե ի՛նչ լավ խաբարներ է բերում նա, երբ մեր պատի վրա նստած կչկչում է: Նա լսել չէր կարող բուի չարագուշակ ձայնը, և պատվիրում էր ինձ` քարով սպանել նրան, երբ կնստեր մեր պատի վրա: Նա գիտեր, թե ինչո՞ւ Սողոմոն իմաստունը անիծեց ճնճղիկին, կամ ո՞վ դրեց հոպոպի գլխի վրա այն գեղեցիկ փետուրե սանդրը:
Այո՛, տատս շատ բան էր իմանում: Նա պատմում էր ինձ, թե ինչպես կհասնի աշխարհի վերջը, կամ երբ կհայտնվի Նեռը: Նա ասում էր, թե անիծյալ Նեռը կգա, մի ահագին էշի վրա նստած, թե նրա ավանակի ականջները այնքան երկար կլինեն, որ մի ականջի ծայրը կհասնի մինչև արևմուտք, իսկ մյուսինը` մինչև արևելք: Նա ասում էր, թե այն ժամանակ կհայտնվին «աջուջ-մաջուջները», թե դրանք այնքան փոքրիկ թզուկներ են, որ իմ կոշիկները կարող էին նրանց համար բնակարաններ լինել:
Բայց ես ավելի սիրում էի տատիս հեքիաթները:
Ես դեռ հիշում եմ մի քանի հեքիաթներ, որ գիշերները պատմում էր նա: Երբեմն, մի անգամ սկսած հեքիաթը վերջացնում էր մի ամբողջ շաբաթվա ընթացքում: Ա՜խ, ինչպես լավ պատմում էր նա: Ես բոլորը, բոլորը հասկանում էի և միշտ ուրախությամբ էի լսում: Բայց երբ պատմում էր դևերի, սատանաների, գրողների և դժոխքի մասին, – ես սարսափում էի, և ավելի շատ էի վախենում, երբ խոսում էր մեռելների մասին:
Իսկ երբ տատս մեռավ, նրանից չէի վախենում: Նա խիստ հանգիստ կերպով պառկած էր դագաղի մեջ, կարծես քնած լիներ: Նրա դեմքը էլի այնպես բարի էր, որպես առաջ: Ես մտածում էի, թե նա հրեշտակների մոտ կգնա, նրա համար, որ ինձ երբեք չէր ծեծում: Երբ նրան թաղեցին, ես շատ լաց եղա: Մայրս ասում էր, թե նա մի օր գերեզմանից կվերկենա. ես ուրախանում էի:
Իմ մորը կոչում էին Նիգյար: Դուք տեսե՞լ եք դեռ նոր բացված մի ծաղիկ, որ թառամել էր իր կոկոնի մեջ, – այդ իմ մայրն էր: Խե՜ղճ կնիկ, ես երբեք չեմ կարող մոռանալ քո միշտ տխուր և գունաթափ դեմքը: Ինչո՞ւ դու ուրախ լինել կարող չէիր… Ինչո՞ւ այնպես սպանված էին քո գեղեցիկ աչքերը, որոնցից արտասուքը շատ քիչ էր պակասում…
Մայրս մի բարձրահասակ կին էր, նիհար և թույլ կազմվածքով: Ոտքի վրա նա միշտ հիվանդ էր, բայց երբեք չէր պառկում: «Ո՞վ պիտի պահե իմ երեխաներին» – պատասխանում էր նա, երբ նրան ասում էին, թե պետք է փոքր-ինչ հանգստանալ, թե պետք է փոքր-ինչ կազդուրել սպառված ուժերը: Ամբողջ օրը դադարում չուներ: Նա էր թխում մեր տան հացը, նա էր եփում կերակուրները, նա էր լվանում մեր շորերը, նա էր կարում և կարկատնում մեր հագուստը: Բայց տնային հոգսերը չէին, որ մաշում էին նրան, – նրա ցավը սրտիցն էր… Ես այն ժամանակ չէի հասկանում, բայց հիմա հասկանում եմ…
Մեր գյուղում գովասանված էր մորս վարպետությունը կարելու և ձևելու մեջ, բայց շատ քիչ էին վճարում նրա աշխատությունների համար: Շաբաթական մի քանի շահի հազիվ էր վաստակում, և նրանցով ապրում էինք: Տատիս մեռնելեն հետո տան հոգսը բոլորովին մնաց մորս վրա: Քույրերս` Մարիամը և Մագթաղը, դեռ փոքրիկներ էին. դրանք ավելի խանգարում էին մորս, քան թե օգնում էին:
Մարիամը և Մագթաղը երկվորյակներ էին, այնքան նման միմյանց, որ ես շատ անգամ սխալվում էի մինը մյուսից որոշել: Մայրս նրանց ճանաչելու համար կարել էր զանազան գույներով գդակներ, – Մարիամինը կանաչ գույնով, իսկ Մագթաղինը կարմիր: Ես դեռ հիշում եմ այն անմեղ կռիվները, որ ծագում էին այդ երկու հրեշտակների մեջ իրանց գդակների մասին: Պատճառները շատ ծիծաղելի էին, օրինակ, երբ Մարիամին սիրում էին, Մագթաղը խլում էր նրա գդակը, դնում էր իր գլխին, որ ինքն էլ Մարիամ դառնա և նրան էլ սիրեն:
Ես շատ անհանգիստ երեխա էի, բայց դարձյալ մայրս ինձ չէր ծեծում, որովհետև նրա մի հատիկ տղան էի: Մորս սերը հասնում էր մինչև այն թուլությանը, որ շատ անգամ ներում էր իմ անկարգություններին: Կպատահեր վաղ առավոտյան, ամենևին երեսս չլվացած ու մազերս չսանդրած, տանից դուրս կգայի, և ամբողջ օրը կխաղայի, կթափառեի դատարկաշրջիկ