Ազգային ջոջեր. Հակոբ Պարոնյան. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Հակոբ Պարոնյան
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: История
Год издания: 0
isbn: 9781772468052
Скачать книгу
հրատարակությամբ աշխատած ենք մեր ազգին մեջ գտնված երևելի անձերուն կենսագրություններն ընելով` անոնց թերություններն ցույց տալ այն անաչառությամբ, որ կենսագրե մը կը պահանջվի` առանց սակայն դուրս ելնելու հեգնաբանության սահմանեն:

      Կը համարձակինք ըսելու, որ զոք վիրավորել ուզած ենք և ներկայացուցած ենք անձերն այնպես, ինչպես որ են և ոչ թե ինչպես որ կուզեն իրենք և եթե ընթերցողն տեղ տեղ ծանր կետերու հանդիպի` անոնց պատասխանատուն մենք չենք, ո՞ր հայելին գաճաճն Աքիլլես կանդրադարձնե, ո՞ր լեռն սուրբը սատանա կը կրկնե:

      Կը խոստովանինք, որ ծննդյան թվականներուն մասին պետք եղած ճշմարտությունը չկրցինք պահել, վասն զի օրինավոր տոմարներու պակասության պատճառավ քառասուն տարիքն անցած մարդ չգտանք և ստիպվեցանք անոնց յուրքանչյուրին տալ այն տարիքն, զոր ունենալ կը թվին:

      Հուսալով, որ ընթերցողն ներողամիտ ոգով պիտի նայի գործույս թերություններուն` մենք ինքզինքնիս վարձատրված պիտի համարինք, երբ տեսնինք, որ մեր աշխատությունն յուր նպատակի հասած է:

      Հ. Հ. Պ.

      ԽՈՐԵՆ ԳԱԼՖԱՅԱՆ

      Խորեն եպիսկոպոս, աստվածաբան, կատակերգակ, ազգային երեսփոխան, բանաստեղծ, 1861-ին Գալֆայան, 1870-ին Նար-Պեյ, 1879-ին Լուսինյան – մինչև նոր տնօրենություն – ծնավ Կ. Պոլիս Սամաթիո թաղին մեջ 1841թվականին: Ծնավ գիշերը երեք տեղ հրդեհ պատահեցավ. Արնավուտ-գեղ, Ախրգաբու և Գասըմբաշա:

      Խորեն չուշացավ հայտնել, թե յուր ծնունդովն բանաստեղծ մ’ալ ավելցավ ազգին և ոչ թե փորձանք, ինչպես կը գուշակեին քանի մը հեռատես մարդեր. վասն զի երբ մանկաբարձն անոր ոտներուն վրա դիտողություն կըներ, տասն և վեցոտյան ոտանավորներն միշտ այսպես կը վերջանան, պատասխանեց երախա բանաստեղծն, որ ազգային քերթող պիտի հորջորջվեր օր մը մեր ազգային համբակ… սափրիչներեն: Ութ օր վերջը կատարվեցավ յուր մկրտության հանդեսը: Կնքահայրն Ամբակում դրավ անոր անունը, սակայն երախան տուն երթալուն պես փոխեց զայն ու Խորեն դրավ:

      Նախազգացմամբ գուշակեց կարծես, թե ձեռք պիտի քաշեր օր մը այս աշխարհիս վաղանցուկ հաճույքներեն, թե յուր կյանքն Աստուծո ծառայության նվիրելով մեծ քաղցրություն պիտի զգար: Ուստի, օր մը աչքերն վեր առնելով կնկան մը երես չէր նայեր… բազմության մեջ, փութանք ավելցնել, թե մեկե մը տեսնվելու կասկած կամ երկյուղ չունեցած ատենն ալ չէր նայեր կիներու… եթե ծեր ըլլային. և հետևապես, կուսակրոն ըլլալու համար ամեն տրամադրություն ուներ: Հազիվ չորս տարեկան կար, դրացվույն տղաներն յուր տունը կը հրավիրեր և անոնց հետ կրոնական խաղեր կը խաղար, նման այն խաղերուն, զորս երբեմն խաղալու չմոռնար: Աթոռի մը վրա բազմելով քարոզ խոսելու համար մեծ փափաք ուներ, իսկ երբ այդ աթոռը պատրիարքական ըլլար` հոգին կուտար:

      Հայրը տեսնելով, որ տղան վարդապետ ըլլալու սիրով կը տոչորի, ինչպես որ նույն սիրով կը տոչորին միշտ յոթը տարու տղաներեն ոմանք, որոշեց Վենետիկի վանքը ղրկել զինք. և քիչ ատենեն այս որոշումը գործադրեց առագաստավոր նավու մը հանձնելով յուր զավակն 1847-ին: Երբ Վենետիկ հասավ Խորեն ու վանահոր ներկայացավ, վանահայրն, անոր շարժումները դիտելով, հայտնեց թե անկարելի էր զայն դպրոցի մեջ առնելը, որովհետև, ավելցուց, վանքին տրամադրած օրենքներուն հակառակ էր իգական սեռեն աշակերտ ընդունելը: Մեծ դժվարություն կրեցին համոզելու համար վանահայրն թե աղջիկ չէր իրեն ներկայացվողը: Երկրորդ օրը վանքին դպրոցը ղրկվեցավ Խորեն, ուր քիչ ժամանակի մեջ հսկայաքայլ հառաջ գնաց այն ամեն գիտություններու մեջ, որոնց շնորհիվ մարդս կը հաջողի սիրելի ընել զինք ռամիկներու: Մեր պաշտոնին հավատարիմ մնալու համար պարտավոր ենք հոս հիշել, որ այն ատեն որչափ սրամիտ, նույնչափ ալ խառնակիչ էր Խորեն: Վանահոր ականջներն ալ խուլցած ըլլալով այն տրտունջներեն, զորս Խորենի դեմ կընեին յուր դասընկերները, որոշվեցավ, որ ի պատիժ յուր անվայել վարքին, վարդապետ ձեռնադրվի: Այս ըլլալու էր խելոք չկեցող աշակերտներուն համար վանքին սահմանած պատիժը:

      Վանքին մեջ քանի մը տարիներ վարդապետություն ընելեն ետքը, սենյակ մը քաշվելով քարոզ տալու վարժություն ընելեն ետքը – զգաց թե վանքը խիստ անձուկ ասպարեզ մ’էր համեմատորեն յուր ընդարձակ հմտություններուն` որովք օր մը փայլ պիտի առներ յուր անունն պճնասիրության աշխարհին մեջ: Փափաքեցավ անանկ ընդարձակ ասպարեզ մ’ընտրել, որուն մեջ կարող ըլլար ընդարձակորեն ծառայել Աստուծո: Այս փափաքն գոհացնելու համար երկու ոտքով ցատկեց, մեր ազգային պատրիարքարանն ինկավ: Հիշելու բարեբախտությունը չունինք այն թվականն` ուր Խորեն Էջմիածնա հպատակեցավ սակայն լավ հիշելու դժբախտություն ունինք,թե այս թվականեն ի վեր է, որ մեր կուսակրոնները ամեն պարզություն մեկդի դնելով` կիներու պես հագվիլ, սգվիլ և կոտրտվիլ սկսան… աղեկ ծառայություն ընելու համար:

      Այն ժամանակները մայրաքաղաքիս հարուստներեն ոմանք իրենց ձիերուն ապագա պատրաստելու նպատակավ անոնց համար հոյակապ ախոռներ կառուցանելեն ետքը` իրենց զավակներուն համար ալ դպրոց մը շինելու գաղափարն հղացան. բայց որովհետև Կ.Պոլսո մեջ դպրոցի համար տեղ մը գտնելն անկարելի էր, որոշեցին որ Բարիզի մեջ բանան այս դպրոցն` որուն մեջ պիտի դաստիարակվեին իրենց զավակներն, և թերևս, իրենց ձիերն ալ, եթե հոս գործ չունենային: Իրենց այս որոշումին ծնունդ տվին Բարիզի մեջ դպրոց մը շինելով… ավազի վրա: Այս դպրոցին, որու անուն Հայկազյան, տնօրեններն եղան 1856-ին հռոմեականությունե հայոց եկեղեցին դարձած, կամ լավ ևս, գերութենե ազատություն դարձած երեք վարդապետներն, որոնց հարեցավ նաև վերջեն Խորեն եպիսկոպոս: Հիշյալ տնօրեններն եթե բան մը չսորվեցուցին աշակերտներուն, որոնք երբ մայրաքաղաքս դարձան բան մը չսորվելեն զատ, հայերեն լեզուն ալ կորսուած էին, գոնե սա սորվեցուցին ազգին թե` շատ լավ բան է իրավունք և պարտք ճանաչելն: Այս սկզբունքը մեզի սովորցնելեն ետքը մաքուր սրտով, հանդարտ խղճով հարյուր հազար ֆրանկի պարտ թողլով, դպրոցին դռները գոցեցին: Խորեն եպիսկոպոս ամենեն ավելի օգուտ