Քնքուշ լարեր. Նար-Դոս. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Նար-Դոս
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Зарубежные любовные романы
Год издания: 0
isbn: 9781772466782
Скачать книгу
դ ու կին: Նրանք անմիջապես նստեցան իրենց աթոռների վրա և լուռ սկսեցին նայել հանդիսականներին, որոնցից ոմանք համբերությունից դուրս գալով, ծափահարում էին, մոռանալով, որ մինչև նշանակյալ ժամանակը տակավին կես ժամ կա, իսկ ոմանք ժպտալով, կամ լուրջ կերպով զրույց էին անում միմյանց հետ:

      Ստեփաննոս Հարունյանը (այդպես էր կոչվում տղամարդը) մի բարձրահասակ, լայն թիկունքով և վեհանձն մարդ էր: Նա շատ ծանր և լուրջ էր, ինչպես առհասարակ լինում են խելացի և հաստատակամ բնավորությունները: Նրա բոլոր շարժումների և խոսակցության մեջ նկատվում էր զարմանալի զգաստություն, որ միայն բնատուր է լինում և իսկույն որոշվում է կեղծից: Նա կլիներ մոտ երեսունևհինգ տարեկան, բայց նրա դեմքը հենց առաջին հայացքից կեղծում էր, նրան այդ տարիքից ավելի երիտասարդ ցույց տալով: Ազնվությունն ու բարությունը միախառնվելով` նրա գեղեցիկ և փոքր-ինչ այլայլված դեմքին տվել էին մի այնպիսի արտահայտություն, որ նայողը կամենում էր նրան փոքր-ինչ երկար նայել, առավելապես նրա համար, որպեսզի ասեր. – ի՛նչ քաղցր մարդ է դա: Նրա երկար ու լայն շիկագույն մորուքը, որին նա սովորության ուներ ստեպ-ստեպ ձեռքով հարթելու, ծածկում էր գրեթե լայն, դուրս ընկած կուրծքի մի մասը: Երբեմն նա սովորություն ուներ յուր մեծ-մեծ, խոհուն աչքերը կիսախփել և այդ ժամանակ նրա դեմքը փոքր-ինչ մռայլվում էր, գրեթե մելամաղձոտ արտահայտություն էր ստանում, բայց նա բնավ մելամաղձոտ չէր, որին և վկա էր նրա գրավիչ, փափուկ ձայնը: Նա ծառայում էր տեղական արքունական պալատակերից մինում մեծաքանակ ռոճիկով: Ամբողջ տասը տարի նա վարում էր յուր պաշտոնը, և ոչ ոք նրա մասին մի դժգոհություն չէր հայտնել: Բոլոր նրան ճանաչողները սիրում և հարգում էին նրան: Ամենքը մատնացույց էին անում նրա վրա, իբրև մի անկեղծ, ճշմարիտ և յուր կոչմանն ու պաշտոնին հավատարիմ մարդու վրա: Նրա անկեղծությունն ու ճշմարտությունը մի այնպիսի հռչակ էր հանել պալատում, որ ամենքը նրա ստորադրյալներից ամբողջ մարմնով դողում էին, երբ նա հաշիվ էր պահանջում նրանցից իրենց հանձնված գործերի մասին: Նրանք երկյուղ էին կրում, թե միգուցե նա մի որևիցե զեղծումն գտնե իրենց կատարած գործերի մեջ: Եվ վա՛յ նրան, ում մեջ այդ գտնում էր. – նա անմիջապես զրկվում էր յուր պաշտոնից: Շատերին էլ նա առաջին անգամը ներում էր, բայց այն պայմանով միայն, որ ոչ մի ժամանակ այլևս այդ չկրկնվի: Սակայն, ինչպես ամեն մի ճշմարիտ մարդու, նույնպես և նրան, կային մարդիկ, որոնք ատում էին և նրա վրա չարախոսում էին, և այդ հասկանալի է, թե ինչու և ի՛նչպիսի մարդիկ պիտի ատելիս լինեին նրան… ճշմարտության ու անկեղծության անհաշտ թշնամիներն ամեն կերպ աշխատում էին արատ ձգել նրա անբիծ անվան վրա, բայց զուտ փայլուն ոսկին իրեն վրա ոչ մի ժանգ չի ընդունում, նա շարունակում է ավելի ու ավելի փայլել և յուր պայծառ շողերով ծակծկել, կուրացնել նրանց աչքերը…

      Նրա կինը, տիկին Նունե Հարունյանը, քսանևհինգ տարեկանից ավելի չէր կարող լինել: Նա այնքան քնքուշ էր, նրա փոքրիկ դեմքի գծերն այնքան նուրբ էին, որ առաջին հայացքից ավելի մի մանկահասակ աղջկա էր նմանում, քան կնոջ, որի դեմքի վրա սովորաբար և բնականաբար այլևս չէին փայլում կուսական թարմությունը, անփորձությունը, անհոգությունը: Նրա դեմքի և ձեռքերի սպիտակ-դեղնագույն կաշին այնքան նուրբ էր, այնքան թափանցիկ, որ իսկույն կարելի էր նշմարել, թե ի՛նչպես ճյուղավորվում էին դրա տակ նրա կապույտ երակները: Նրա սև հոնքերը, փայլուն մազերն և մանավանդ մեծ-մեծ ու միշտ ժպտող ու խոնարհ աչքերը, որոնց մեջ նկատվում էր մի տեսակ, գրեթե կուսական ամոթխածություն – ավելի պատիվ կբերեին մի խոշոր գեղեցկուհու, քան դրան, որ, ըստ երևույթին, մի հիվանդոտ կնոջից ոչնչով չէր զանազանվում: Բայց մի բան, որ ամենաանհարմար կերպով խանգարում էր նրա քնքշատիպ գեղեցկության ներդաշնակությունը – այդ նրա հարթ կուրծքն էր, որ կարծես զուրկ էր ստինքներից – կնոջ արտաքին փայլի այդ պսակներից:

      Նրանց մտնելուց հազիվ թե անցել էր հինգ րոպե, երբ հանկարծ բացվեցավ նրանց կից օթյակի դուռը, և մի շքեղ սևազգեստ կին վեհապանծ ներս մտավ: Նրա մտնելուն պես բոլորը` թե՛ օթյակներից, թե՛ պարտերից և թե՛ մինչև անգամ վերնահարկից՝ աչքերը դեպի նա դարձրին և բոլորն էլ, ըստ երևույթին, գրավվեցան նրա հենց առաջին հայացքից աչքի ընկնող հրաշալի գեղեցկությամբ: Եվ իրավ որ նա անզուգական գեղեցկուհիներից մեկը կարող էր համարվել, եթե չհիշենք նրա տարիքը, որ՝ մոտավորապես որոշելու համար՝ բավական չէր հեռվից միայն նայել կամ հարեվանցի ակնարկ ձգել նրա վրա, որովհետև այդպիսի դեպքերում նա քսան, քսանհինգ տարեկան կնոջից ոչնչով չէր զանազանվում, այլ հարկավոր էր ավելի մոտիկից և երկար նայել նրա դեմքին – և նա մոտ երեսուն ամբողջ գարուններ անցրած կին էր երևում: Յուր բոլոր արտաքին տեսքով նա ներկայացնում էր տիկին Հարունյանի բոլորովին հակապատկերը: Կարծես, բնությունը, նրանց ստեղծելով, կամեցել էր ցույց տալ, թե որքան ինքը հմուտ է հակապատկերներ ստեղծելում: Նա բարձրահասակ էր, ոչ հաստ և ոչ բարակ, բայց լի, հարուստ կրծքով, որ միշտ առանձին վեհությամբ դուրս ձգած լինելով` նրան թագուհու էր նմանեցնում: Իսկույն երևում էր, որ նրա՝ առանց այն էլ գեղեցիկ դեմքին կոսմետիկ ասած բանը չէր դիպել երբեք, նայելով նրա բնական սպիտակ ու կարմիր այտերին, որոնց վրա փայլում էր տակավին երիտասարդության թարմության դրոշմր, և որոնք այդ գիշեր սաստիկ վառվում էին և նրա գեղեցկությունը կրկնապատկում: Նշանավոր էր նրա կանոնավոր քիթն և առավել ևս նրա մեծ-մեծ, կրակոտ, թուխ աչքերն երկար թերթերունքներով, որոնք մի ակնթարթում կարողանում են նույնիսկ պաղպսրյուն յուրաքանչյուր երիտասարդի ընկճել և գերել: Այդ գեղեցկուհու ազդեցությունը կրկնապատկում էր նրա շարժունությունը, որ հատուկ է լինում գլխավորապես ազնվական և եվրոպական – արիստոկրատ շրջաններում սնված և մեծացած կանանց

      Նախքան նստելը, նա առավ կրծքի վրա կախած պատկառելի պենսնեն և, մոտեցնելով աչքերին, սկսեց անցնել նախ բոլոր օթյակների կարգը, հետո նայեց դեպի ներքև, որից հետո, որպես հպարտ թագուհի, ձգվեցավ աթոռի վրա:

      Հարունյանները հետաքրքրությամբ