Եվ ահա գարունը նոր բացված` Անդրին յուր Ղռաթի հետ (այսպես էր անվանում ձիուն) ճանապարհ ընկավ դեպի Շորագյալ, կամ, ինչպես իրանք են ասում, դեպի «վերև»:
Շատակեր Շարայի շատաբեր գավառը մոտիկ լեռնաբնակ հայերի միակ ապավենն է հացապակաս ժամանակներում: Լոռին, իբրև լեռնային երկիր, հաճախակի երկարատև անձրևներով հացը կտրում է, և գյուղացիք Անդրու նման ձին փալանում են` գնում Շորագյալ:
Անդրին մտազբաղ հետևում էր յուր ձիուն և ինքնիրան մտմտում.
«Կերթամ Շորագյալ, թո՜ւշ իմ ծանոթ Ղադաքոնց Մկոյի տունը… ինձ որ տեսնի, շատ կուրախանա` «Բարո՜վ, բարո՜վ, քավոր Անդրի… ո՞ւր ես, ծո, մարդ… իմա՞լ ես, ծո… մանչերդ իմա՞լ են…», խուրջինիցս էլ էն մի քանի դաստա «ղարա» թութունը որ հանեմ, ավելի կուրախանա… իրիկնահացիցը եդը օդի տախտի վրա թինկը կտանք ու չիբուխ քաշելով զրից կանենք… Կասեմ, որ մեր կողմերը հացի պակասություն ենք քաշում… ամա նա ինքը կիմանա, թե ընչի եմ գնացել. առաջին անգամը խո չի… ով գիտի ինձ չթողնի էլ, թե բերանս բաց անեմ, «ինչքան որ կարաս` ձիուդ բարձիր, Անդրի ախպեր, տար կեր, քեփ արա»: – Վա՛յ ես քեզ մատաղ, Մկո ջան…» – հանկարծ, զգացված Մկոյի ասելիք խոսքերից, լսելի ձայնով բացականչեց գյուղացին և քայլերը արագացրեց. ձայն տվեց և ձիուն, նրան էլ շտապեցրեց:
«Բաս ես ո՞նց դուրս գամ քու պարտքի տակիցը, Մկո ախպեր ջան, – շարունակեց նա, – էլ ի՞նչ ասեմ. ասելն ավելորդ ա. հալբաթ աշունքը կգա, ես գիտեմ… ես քո լավությունը մի ետ վճարեմ, որ… ես մաճկալ Անդրին եմ. ես ինձ վրա չեմ թողուլ ուրիշի լավությունը… հալա մի էս նեղ տարուցը պրծնեմ, քյուլփաթս սովամահից ազատեմ… ես գիտեմ, էլի…»:
– Բարի օր, ախպերացու, – հանկարծ մի ձայն եկավ ներքևից:
Յուր ցնորմունքից սթափվեց Անդրին և տեղնուտեղը իսկույն կանգնելով` ներքև նայեց: Ճամփու տակի աղբյուրի մոտ տեսավ մի սպիտակ չուխավոր մարդ: Անդրին իսկույն ճանաչեց, որ նա կռո է (շորագյալցի). միայն նրանք են սպիտակ չուխա հագնում, իսկ իրանց երկրում այդ ամոթ է:
Շորագյալցուց փոքր-ինչ հեռու նրա կինը թոկի ծայրը բռնած արածացնում էր իրանց ձին: Իսկ նրանց մանկահասակ աղջիկը գետեզերքին լվանում էր երեսը փոքրիկ եղբոր, որի ուրախ ճվճվոցը խլանում էր լեռնային գետի գոռոցի մեջ:
Շորագյալցին զարմացել էր Անդրուց, որ պելացել էր իրանց վրա, և տեսնելով յուր պատասխանն ուշանում է, կրկին ձայն տվեց. «Առաջ բարի, ախպերացու… ո՞րտեղանցի ես»:
«Թփռշու հե՜շշ», մարդուն պատասխանելու տեղ Անդրին կանչեց յուր ձիուն, որ հեռացել էր բավական: Հոգնած անասունը իսկույն կանգնեց և սկսեց արածել ճամփի կողքի կանաչը:
Երբ որ տեսավ ձին կանգնեց, Անդրին ճանապարհից դուրս եկավ, կանգնեց ներքի եզերքին և սկսեց բարձր գոռգոռալ, կարծես ուզում էր վախացնել անծանոթին:
– Աստծու բարին, բարեկամ, ո՞րտեղանցի ես, բարեկամ:
– Որթնավեցի եմ: Դու ո՞րտեղացի ես, ո՞ւր ես գնում, խեր ըլի, – յուր ձայնն էլ բարձրացրեց վերևեցին:
– Ես դսեղեցի եմ` էդ ո՞ւր ես տանում էդ օղլուշաղը:
– Ահ չիկա խու ճամփեքին:
– Չէ՛, արխեին գնա. ո՞ւր եք գնալու:
– Քարնջեցի Մատնանց Գիքորը ո՞նց ա, – փոխանակ պատասխանելու հարցրեց շիրակեցին:
– Լավ են, փառք աստծու:
– Նրանց տունն ենք գնում:
– Դու նրանց փեսեն ե՞ս:
– Հրամանք ես:
– Դու Գոքորն ե՞ս:
– Հրամանք ես:
– Ա՛յ տղա, էդ մեր Նազլուն ա՞:
– Հրամանք ես:
Խոսակցությունն այստեղ ընդհատեց Անդրին և լուռ հեռացավ. գնաց յուր ձին բերեց արձակեց գետափի խոտերում, մոտեցավ ճամփորդներին:
Առանց ձեռք տալու իրար բարևեցին և երեսները դեպի գետի կողմը` նստոտեցին երկու գյուղացիները:
– Բա դու ո՞վ ես, ամոթ չլնի հարցնելը, – դիմեց շիրակեցին:
– Որ ասեմ, կճանաչե՞ս:
– Բալքի ճանաչում եմ. ով գիտի:
– Ինձ մաճկալ Անդրի կասեն. ճանաչում ե՞ս:
– Չէ՜, ախպեր, սուտն ինչ ասեմ:
– Հա՜, տեսնում ես, չես ճանաչում, – հաղթական կերպով նկատեց Անդրին և ինքը հարցրեց:
– Բա ես որթնավեցի մի բարեկամ ունիմ, կճանաչե՞ս:
– Ո՞վ ա, հալբաթ որ կճանաչեմ:
– Ղադաքոնց Մկոյին կճանաչե՞ս:
– Լա՜վ:
– Ո՞նց ա:
Հանկարծ մթնեց շիրակեցու դեմքը, կարծես թե նեղացավ:
– Ռանչպարը որ ուտելու հաց չունենա ոնց կըլի, – ծանր հառաչելով խոսաց նա և հոնքերը կիտեց, անթարթ նայելով մի հեռու կետի:
– Ո՞նց թե… հա՞ց չկա Շորագյալ, – սարսափելով բացականչեց լոռեցին և չռած աչքերը սևեռեց Գոքորի դեմքին: Նրա աչքերում այդ րոպեին տխուր վրդովմունքով փայլատակում էր նրա հոգին:
– Ո՞վ կտա, – սրտաբեկ արտասանեց վերևեցին և կարճ լռությունից հետո ավելացրեց, առանց Անդրուն նայելու.
– Հրես կնիկս, երեխերքս հավաքել եմ, գամ անորս մոտ էս մի երկու ամիսն անցկացնեմ… մինչև տեսնենք աստոծ ինչ դուռը բաց կանի:
Անդրին չլսեց. նա դեռ ապշած էր Գոքորի դեմքին, «վեր կենամ սրան սպանեմ, կտոր-կտոր անեմ, – անցնում էր նրա մտքովը, – ո՞նց անեմ, որ սիրտս հովանա… սա էս ինչ